Գլոբալ կոնսենսուս՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի շուրջ․ ինչո՞ւ են շտապում
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ՀՀ պետական սահմանի ոտնձգություններից և Սև լիճն ամբողջությամբ գրավելուն ուղղված գործողություններից հետո Ղարաբաղյան հակամարտության քաղաքական ողջ դիսկուրսը, բանակցային գործընթացը տեղափոխվեց հայ-ադրբեջանական հարթություն։
Եվ առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ֆոնին ստեղծվում է տպավորություն, որ կա կոնսենսուս գերտերությունների միջև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու հարցի շուրջ, ինչը շատ քննադատվեց՝ հաշվի առնելով նաև այն, թե ով է հանդես գալիս այդ առաջարկով։ Սակայն ներկայումս պարզ է դառնում, որ իրենց տարածած հայտարարություններով դեմարկացիային կողմ են արտահայտվում ինչպես առաջարկող կողմը՝ Մոսկվան, այնպես էլ՝ Բրյուսելը, Վաշինգտոնն ու ԵԱՀԿ-ն։ Ինչ վերաբերում է հայկական թեմատիկային, Ռուսաստանն ու Արևմուտքն ավանդաբար սկզբունքային դիրքորոշումներ են ունենում ամենակարևոր հարցերի շուրջ։ Այստեղ հարկ է արձանագրել, որ անհապաղ դեմարկացիա իրականացնելուն կողմ են արտահայտվում բոլոր տերությունները։
Այս հարցում, ինչպես երևում է, կա կոնսենսուս նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Վերջին օրերին նկատելիորեն փոխվել է Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը Փաշինյանի իշխանության վերաբերյալ։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն օրերս ԱՊՀ վարչապետների նիստում հայտարարեց, որ Բաքուն համաձայն է Ռուսաստանի առաջարկին՝ Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Իսկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռևս մայիսի 19-ին։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության կառուցողականությունից և եռակողմ բանակցություններում առաջընթացից։
Ըստ նրա, նույնիսկ լավ արդյունքներ արդեն կան։ Թե իրականում ինչ առաջընթացի և ինչ արդյունքների մասին է խոսքը, հասու չէ հանրությանը, սակայն ակնհայտ է՝ կա գործընթաց, որը փակ է։
Ավելին, գործընթացը, թվում է, որ լիովին հասու չէ կամ անընդունելի է նույնիսկ այն մարդկանց համար, որոնք ներգրավված են եղել պետական ապարատի աշխատանքին, ինչպիսին ՀՀ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանն էր, որն ԱԳՆ անձնակազմին հրաժեշտ տալիս ասել է․ «Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:
Ստացվում է, որ Արա Այվազյանը, թողնելով դիվանագիտական բառապաշարի զսպվածությունը, ուղիղ կերպով խոսում է հակապետական գործունեության մասին՝ առանց պարզաբանելու, ինչը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով, թե ինչի մասին է խոսքը՝ պետական շահի։ Բնականաբար, հանրությունն Արա Այվազյանից ավելին է ակնկալում, բոլորն ակնկալում են ստանալ պարզաբանումներ պաշտոնը լքող Այվազյանից, թե ինչի մասին է խոսքը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Այվազյան-Փաշինյան տարաձայնությունները նոր փուլ մտան սահմանազատման թեմայի շուրջ քննարկումների ընթացքում, երբ իշխանական քարոզչամեքենան սկսեց հրապարակ նետել ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներն Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի տարածքում հայկական անկլավը ետ բերելու թեման։ Սա, ի դեպ, մի շարք տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերյան եռակողմ պայմանավորվածությունների հետևանք է, որն ընտրություններին ընդառաջ ցանկանում է արագացնել ադրբեջանական կողմը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ դեմարկացիայի հարցում կա գլոբալ կոնսենսուս, և այն կփորձեն իրականացնել կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Արևմուտքը, քանի որ այդ գործընթացին Փաշինյանի կողմից մասնակցելու հրավիրվեց Արևմուտքը, այն դեպքում, երբ բոլոր քարտեզները միայն Երևանի և Բաքվի ձեռքին են, և Մոսկվան առաջարկում է նրանց՝ միասին քննարկել այդ հարցը։ Բայց նրա արձանագրմամբ՝ սահմանային այս իրավիճակի հետևանքով ստեղծվեց նաև Արևմուտքի մասնակցության հնարավորություն։
Տարասովի խոսքով, նույնիսկ Մոսկվայի համար գործընթացը որոշ հատվածներում հասկանալի չէ, քանի որ այն գաղտնի մաս ունի, անհասկանալի է, թե ինչու այս ամենը տեղի չունեցավ հանգիստ մթնոլորտում, և ինչու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից հետո սկսվեց սահմանային այս միջադեպը, որին հաջորդեց դիմումը ՀԱՊԿ-ին, հետո՝ միջազգային հանրությանը՝ դիտորդներ սահմանին տեղակայելու առաջարկով, հատկապես, երբ չկա պատերազմ։ «Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի քայլերին՝ ինչո՞ւ սա տեղի ունեցավ, կամ ինչո՞ւ հրաժարական տվեց Այվազյանը, որովհետև Փաշինյանը դիմեց ամերիկացիների՞ն, թե՞ որովհետև փաստաթղթերին հասանելիություն չի ունեցել, թե՞ ավելի խորքային պատճառներ կան։
Կամ՝ Ալիևն ասում է, որ պատրաստ է ստորագրել Խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են սեպարատ բանակցություններ անում Փաշինյանն ու Ալիևը, տեքստ չկա, Փաշինյանը ևս ասում է, որ պատրաստ է։ Ես կասկածում եմ, որ կան սեպարատ բանակցություններ, այս ամենում կան բաներ, որոնք մենք չգիտենք, և նորմալ փորձագետի համար բարդ է բացատրելը, երբ գործընթացը գաղտնի մաս ունի։ Ես չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը մի քանի կիլոմետր առաջանում, նման իրավիճակ ստեղծում, ո՞ւր են շտապում, նման տարածության հարցը, պատահում է , լուծվում է հովիվների մակարդակում, այլ հարց է, որ գյուղ կամ քաղաք գրավեն, բայց ո՞ւր են շտապում, այն էլ՝ մի քանի կիլոմետրով, որն էլ ռազմական ագրեսիա է որակվում, և անհասկանալի է այն դեպքում, երբ եռակողմ հանձնաժողովն աշխատում էր, և բոլոր հարցերը քննարկվում էին»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։
Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ կոնսենսուս կա, քանի որ դա բխում է առանձին վերցրած թե Ռուսաստանի, թե Արևմուտքի երկարաժամկետ ծրագրերից և դա նաև ենթադրում է բոլոր խնդիրների կարգավորում, ինչը նորմալ պրակտիկա է։ Շտապողականությունը, նրա կարծիքով, պայմանավորված է ՀՀ ներքաղաքական կյանքի անկայունությամբ և ՀՀ-ում սպասվող ընտրություններով, որոնց հետևանքով, եթե նոր իշխանություններ հայտնվեն՝ գուցե չշարունակեն նախկինի ճանապարհով ընթանալ։
«Սա շատ պարզ գործընթաց է։ Իհարկե, Արևմուտքն արձագանքեց ստեղծված իրավիճակին բավականին արագ կերպով և արդյունավետ, սակայն դիտորդների տեղակայումը և նրանց միջնորդությունը բարդ եմ համարում, քանի որ Արևմուտքը սովոր չէ այս տարածաշրջանում նման ձևաչափով աշխատանքների առանձնահատկություններին, ծանոթ չէ տարածաշրջանին, բոլոր նրբություններին, սակայն դեմարկացիան նաև խաղաղ գործընթաց է, և բոլոր խնդրահարույց հարցերը լուծելուց հետո է պետք դրանով զբաղվել, սակայն, ինչպես ասացի, շտապողականությունը հասկանալի է և պայմանավորված է ներքին անկայունությամբ»,- ասաց Լուկիանովը։