Բաժիններ՝

ԱՀԿ-ում որոշել են կորոնավիրուսի շտամներն անվանել հունական այբուբենի տառերով

COVID-19 կորոնավիրուսի տարբերակները կսկսեն նշել հունական այբուբենի տառերով, որպեսզի խտրական վերաբերմունք չցուցաբերվի այն երկրների նկատմամբ, որտեղ այդ շտամները հայտնաբերվել են առաջին անգամ, եւ ոչ գիտական խոսակցության ընթացքում արտասանության հարմարության նպատակով: Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Նոր համակարգին համապատասխան, կորոնավիրուսի B.1.1.7 «բրիտանական» շտամը կստանա «Ալֆա» անվանումը, B.1.351 տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կդառնա «Բետա», իսկ բրազիլական P.1-ը՝ «Գամմա»:

Կորոնավիրուսի «հնդկական» շտամի երկու ենթատեսակները՝ B.1.617.2-ը եւ B.1.617.1-ը, համապատասանաբար կկոչվեն «Դելտա» եւ «Կապպա»:

«Դրանք չեն փոխարինի գիտական անվանումներին, բայց կոչված են օգնել հանրային քննարկմանը»,-իր հերթին հայտարարել է ԱՀԿ-ի առաջատար բժիշկ-համաճարակաբան Մարիա վան Քերքհովը: Հունական այբուբենը բաղկացած է 24 տառից: Էպսիլոնը, Զետան, Էտան Տետան եւ Յոտան արդեն ընտրվել են այն տարբերակները նշելու համար, որոնք դիտարկվում են: Անցալ տարի ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսին տվել է SARS-CoV-2 պաշտոնական անվանումը, իսկ նրա կողմից հարուցված հիվանդությանը՝ COVID-19:

Միաժամանակ կազմակերպությունը կոչ է արել վիրուսը «չինական» չանվանել՝ երկրների եւ որոշակի ազգության մարդկանց նկատմամբ խտրականությունից խուսափելու համար:

Ավելի վաղ մայիս ամսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ, որը միտված է ասիական ծագում ունեցող ամերիկացիների պաշտպանությանը, որոնք տուժել են COVID-19-ի համավարակի ընթացքում հարձակումների կտրուկ ավելացումից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս