Անընդհատ ստիպված այստեղից այնտեղ են գնում. շրջիկ առևտրի կետերի թիվը նվազել է
Ինչպես հայտնի է՝ շրջիկ առևտրի կետերն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Երևանում առանձնացվել ու կահավորվել է 52 կետ:
Գործունեության սկսելու համար տնտեսվարողները քաղաքապետարան են ներկայացնում դիմում-հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը. տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ), դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն, շրջիկ առևտրի կետի լուսանկարներ, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն:
Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կարող են ունենալ մինչև 10 մետր երկարություն, 2,5 մետր լայնություն և 3 մետր բարձրություն: Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման անկախ համակարգով:
Առանց թույլտվության կամ պայմանները խախտելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամի: Տուգանքներին գումարվում է նաև տարհանումը:
«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ընդամենը մի քանի շրջիկ առևտրի կետ է աշխատում:
«Անընդհատ ստիպված այստեղից այնտեղ են գնում, ու չեմ կարծում, որ առևտուրը ստացվում է: Շատերն ի վիճակի չեն տեղափոխել, քանի որ միայն կցորդ են, մոբայլ չեն, ուստի իրենց սա հաստատ ձեռնտու չէ»,- ասաց «Շարժական սրճարանների միության» հիմնադիրը:
Նրա կարծիքով՝ կարելի էր երեք օրվա փոխարեն՝ գոնե մեկ ամսվա կտրվածքով տալ տարածք, որպեսզի մարդիկ տարբեր փողոցներում գոնե 3 օր աշխատեին, օրինակ՝ Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովա փողոցում կամ Օպերայի հարակից տարածքում:
«Խոստացել էին, որ կետերն օժտված կլինեն հոսանքով, բայց նմանատիպ բան չեն արել: Ներկառուցված գեներատորով են աշխատում, ասում են՝ այնպիսին պետք է լինի, որ անձայն լինի, սակայն դա շատ թանկ է ու ոլորտի համար նպատակահարմար չէ: Անձայն գեներատորի գինը սկսվում է 6000-7000 դոլարից, իսկ այդքան գումարի դեպքում կարող ես ինչ-որ փոքրիկ շինությունում բիզնես ունենալ, ոչ թե շրջիկ կետ»,- նշեց նա:
Հավելենք, որ ամրագրել տեղը հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով գործարկվել է arevtur.yerevan.am հարթակը: Տեղերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշատ վայրերի և կայարանների հարևանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր, և մյուս վարչական շրջաններում՝ մինչև 3 օր ժամկետով: Չեղարկել ամրագրումը հնարավոր չէ: Հիմնականում զբաղված են կենտրոնական տեղերը:
Առևտրի շրջիկ կետերը գործում են օրական 14 ժամից ոչ ավելի՝ մինչև ժամը 23:00-ն: Այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի չափորոշիչները կամ կգործեն առանց թույլտվության՝ կտուգանվեն: