Բաժիններ՝

Մուլտերի երաժշտական համարներից մինչև մանկական ավագանու նիստ. հունիսի 1-ը երեխանի պաշտպանության օրն է

Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, Երևանում կիրականացվեն տարբեր միջոցառումներ՝ մուլտֆիլմերի երաժշտական համարներ, համերգային ծրագիր, մանկական ավագանու նիստ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ միջոցառումները լինելու են Ազատության ու Հանրապետության հրապարակներում, ինչպես նաև քաղաքապետարանում:

«Ազատության հրապարակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Առաջին ալիքի հետ միասին, նշվելու է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Միջոցառումը տեղի է ունենալու ժամը 19:00-ին: Հնչելու են Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական մուլտֆիլմերի ծանոթ ու սիրված երաժշտական համարներ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Այդ օրը Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենալու նաև ավագանու նիստ, սակայն այն սովորական չի լինելու, ավագանու անդամների դերում հանդես են գալու տարբեր դպրոցների 9-րդ դասարանցիներ: Երեխանի պաշտպանության և սոցիալական վարչությունը քաղաքի հանրակրթական դպրոցներից ստացել է երեխաների կողմից 93 առաջարկություն, թե ինչպես կարող է համայնքը նպաստել երեխաների իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը»,- նշեց Կարապետյանը:

Նա նաև հայտնեց, որ ընտրվել է 65 աշակերտ՝ Երևանի ավագանու անդամների թվով: Այդ օրը ավագանու նիստի ձևաչափով տեղի կունենա հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ներկա են լինելու նաև փոխքաղաքապետները:

«Ավագանու անդամների դերում լինելու են երեխաները, ներկայացնելու են իրենց նախագծերը, ընթացակարգով կքննարկեն դրանք, ինչից հետո էլ քվեարկելու են: Այն նախագծերը, որոնք կընդունվեն այդ մանկական նիստի ժամանակ, կարող են հետագայում ընդգրկվել քաղաքային իշխանության ծրագրերում, որպես ռեալ կատարողներ»,- ասաց Հակոբ Կարապետյանը և հավելեց, որ նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերում:

Անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչ բեմ է կառուցվում Հանրապետության հրապարակում՝ վերջինս շեշտեց, որ այդ օրը լինելու է համերգ, որը իրականացնելու է «Բյուրո» ՍՊԸ-ն: Տվյալ միջոցառումը չի իրականացվելու քաղաքապետարանի կամ պետական այլ միջոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս