Նիկոլ Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը սահմանագծման մասին է

Մարտի 12-ից ՀՀ տարածք ներխուժած ու այստեղ «տնավորված» ադրբեջանցիների հետ բանակցող իշխանությունը երեկ արձանագրեց լրջագույն «հաջողություն». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի տարածքից ադրբեջանցիների կողմից գերեվարվեցին մեր 6 պայմանագրային զինծառայողներ:

Գլխավոր շտաբը նրանց վերադարձնելու համար 1 ժամ ժամանակ տվեց. այդ 1 ժամն ըստ էության դեռ չի ավարտվել, բայց երեկ գերագույն գլխավոր բանակցողը դարակազմիկ առաջարկ ներկայացրեց հայ, ադրբեջանցի ու միջազգային հանրությանը:

Անվտանգության խորհրդի երեկ հրավիրած նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկով»:

«Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն՝ ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո»,- ասել էր Փաշինյանը:

Երեկվանից Արցախյան հիմնահարցի բանակցային գործից քաջատեղյակ անձինք, պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ փորձում են այս առաջարկի տրամաբանությունը հասկանալ:

Նրանցից ոմանց կարծիքով՝ հարցը դիտարկվում է ինքնիշխանության համատեքստում, մինչդեռ այս վերջին մի քանի ամիսների գործընթացը փաստացի սահմանագծման և գործող իշխանությունների կողմից Հայաստանի տարածքներից «հրաժարվելու» լույսի ներքո պետք է քննարկել:

Ըստ էության այս գործընթացում պետք է առանձնացնել երկու էպիզոդ, որոնցից մեկը վերաբերում է Իշխանասարի և Գեղարքունիքի զարգացումներին, որի ընթացքում շարունակ կրկնվում է «ինքնիշխան տարածք» արտահայտությունը: Ընդ որում, սա շրջանառում է նաև ընդդիմությունը:

Իրականում, սակայն, Իշխանասարի և Գեղարքունիքի տարածքները, ուր հիմա ներխուժել ու հիմնավորվել է թշնամին, բնականաբար, ինքնիշխան են, բայց ինքնիշխան էին նաև Կապանի մատույցները, Որոտան ու Շուռնուխ գյուղերը, որոնք հիմա «բարեհաջող» կերպով հանձնվել են թշնամուն: Եվ մեկի վերաբերյալ կիրառել «ինքնիշխան» եզրույթը, մյուսի վերաբերյալ՝ ոչ, կնշանակի, որ, օրինակ, Իշխանասարն ու Գեղարքունիքի այդ տարածքները մերն են, գնացեք, իսկ օրինակ՝ Կապանի մատույցները, Որոտանն ու Շուռնուխը գրավել էինք ու հիմա հետ ենք տվել: Այնպես որ, անընդունելի է այդ մոտեցումը. թշնամուն հանձնված մեր բոլոր տարածքները ՀՀ ինքնիշխան տարածքներ են:

Ինչ վերաբերում է երեկվա հայտարարությանը, վարչապետի աթոռը ժամանակավորապես դեռևս զբաղեցնող անձը հայկական ու ադրբեջանական կողմերին առաջարկում է հետ քաշվել, տեղում տեղակայել խաղաղապահներ:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ թշնամին մտել է քո տարածք, դու չես կարողանում այն պահպանել, նրանց քո տարածքից դուրս բերել կենդանի կամ մեռած, էական չէ, փոխարենն ինչ-որ բան ես բանակցում, անհասկանալի է, թե ինչ:

Այս գաղափարը միգուցե վատ գաղափար չլիներ, եթե չլիներ մի փոքր նյուանս: Ինքնին խաղաղասիրական գաղափարը կարող էր գրավիչ լինել, ու այդ տեսանկյունից՝ տրամաբանական, եթե պրոցեսը չկապվեր սահմանազատման հետ, այսինքն՝ նշվեր, որ սա շփման գիծն է, հակամարտող կողմերին հեռացնում ենք իրարից: Այս պարագայում սահման չի ֆիքսվում, ու չենք նշում՝ այստեղո՞վ է անցնում սահմանը, թե՞, ենթադրենք՝ 8 կիլոմետր հեռու: Խաղաղություն է հաստատվում՝ հետագայում սահմանը հստակ արձանագրելու հեռանկարով:

Նիկոլ Փաշինյանի առաջարկի պարագայում, սակայն, շատ հստակ արձանագրվում է՝ մեր սահմանը պայմանական X կետում է՝ +- 5կմ, ընդ որում՝ նա նախ ասում է՝ 10 կմ, ապա ուղղում ինքն իրեն՝ ոչ, 10 չկա:

Այսինքն՝ արդյունքում, եթե իրականում սահմանը պետք է լիներ շատ ավելի հեռու, որովհետև կային իրավական խնդիրներ, հիմա դա պրոբլեմ է լինելու, որովհետև հայկական կողմին հիշեցնելու են, որ մենք սահման ենք ֆիքսել՝ +- մի քանի կիլոմետր: Սրանով մենք մեզ համար փակում ենք Քարվաճառի, Քաշաթաղի ու Լաչինի հետագա ճակատագրի թեման:

Ստացվում է մի իրավիճակ, երբ թշնամին ներխուժել է մեր տարածք, ըստ էության հայտարարել է ագրեսիվ պատերազմ, պատերազմից էլ անցել է 8 ամիս, ու մենք փոխարենն աշխարհին ամեն հարմար առիթով աղաղակենք, որ այստեղ կա ագրեսիայի դրսևորում, ներխուժում, քննարկում ենք ինչ-որ ընթացակարգեր կամ կառուցակարգեր, արգելում ենք մեր իշխանության ներքո հայտնված թշնամու զինվորներին գերի վերցնել:

Մասնագետներն այս պրոցեսի մեջ ակնհայտորեն տեսնում են կեղծ խաղաղասիրական կոչերի ներքո իրականում սահմանագծման պրոցես:

Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իրավական տեսանկյունից, այն է՝ սահմանագծման վերաբերյալ պարտադիր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը բավականին խնդրահարույց է, որովհետև Ազգային ժողովով անցկացնելու և Սահմանադրական դատարանով ամրագրելու խնդիր կա, ու հիմա որոշել է այս եղանակով հասնել սահմանգծման:

Սա նույն ոճի մեջ է, ինչ, երբ հանձնվեցին Կապանի մերձակայքի տարածքները, Կովսականն ու Որոտանը, ասվեց, որ դրանք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չեն եղել, բայց այդ մասով եղել է բանավոր ընկալում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է՝ երկու կողմերի զորքերը մնում են այնտեղ, որտեղ կանգ են առել: Սա նշանակում է, որ բանակցությունները պետք է սկսվեին դրանից հետո, այդ թվում նաև՝ սահմանի մասով:

Միջազգային իրավունքը, ըստ ոլորտի մասնագետների, ուղղակիորեն արգելում է ուժի սպառնալիքի ներքո որևէ գործընթաց իրականացնել, սակայն հիմա մենք ըստ էության գործընթաց ենք սկսում ուժի սպառնալիքի ներքո:

Ի՞նչ է ստացվում. թշնամին խուժել է մեր տարածք, առաջ եկել, հետո էլի է եկել, զինծառայողներ է գերեվարել, իսկ մեր քաղաքական դիսկուրսը կառուցվում է զորքերի միահյուսման, հետ գնալ-չգնալու անբովանդակ շրջապտույտում: Այսինքն՝ եթե լինի իրավիճակ, երբ զորքերը, ըստ Նիկոլ Փաշինյանի առաջարկի, հետ են գնում, հետո Ադրբեջանը ևս մեկ անգամ է զորքերն առաջ տալիս, մենք ի՞նչ ենք անում, ևս մեկ անգամ է՞լ ենք հետ գնալու:

Ի վերջո, պետք է հստակ գիտակցել մի բան. համաշխարհային պրակտիկայում չկա գեթ մեկ դեպք, երբ խաղաղապահ զորքերի տեղակայումը տվել է դրական արդյունք: Պատմությանը հայտնի չէ որևէ խաղաղապահ առաքելություն, որը միջնաերկարաժամկետ արդյունք տված լինի: Որպես օրինակ՝ նշենք, երբ Ռուանդայում ցեղասպանություն տեղի ունեցավ, այնտեղ այդ ժամանակ խաղաղապահներ էին տեղակայված, և սա միակ օրինակը չէ:

Ըստ էության խաղաղապահների տեղակայումը նպատակ ունի արձանագրել կողմերից որևէ մեկի խախտումը: Ինչ է, մենք չե՞նք տեսնում կամ չգիտե՞նք, որ Ադրբեջանը խախտում է կատարում, ինչո՞ւ ենք մենք դրա համար խաղաղապահներ ներգրավում:

Տեսանյութեր

Լրահոս