Հայկական պետության ու պետականության տակ դրված դանդաղ գործողության ռումբերը
Քաղաքականության մեջ խորհրդանիշներն ունեն առանցքային նշանակություն, որպես կանոն, քաղաքականությունը կառուցվում է հենց սիմվոլների վրա։ Քաղաքական հայտարարությունները, կարգախոսները, վանկարկումներն իրենց մեջ կրում են որոշակի կոդեր, որոնք ժամանակի ընթացքում հիմք են դառնում այդ նույն քաղաքականության գործնական արդյունքների համար։
Հայաստանում վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն ու պաշտոնավարումը խորհրդանիշների ու կոդերի այնպիսի հավաքականություն է, որը կարող է տասնյակ գիտական ուսումնասիրությունների առարկա դառնալ քաղաքական տեխնոլոգիաներով հետաքրքրվողների համար։
Նիկոլ Փաշինյանի առանձնահատկությունն այն է, որ իշխանության գալով՝ նա գրեթե ամբողջությամբ արել է իր կարգախոսների ու հռչակումների ճիշտ հակառակը։ Նրա կարգախոսների ու կատարած քայլերի միջև կապը միշտ չէ, որ ուղղակի է, բայց երևութական առումով համընկնումներն ապշեցուցիչ են։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, ինչպես ինքն էր հայտարարում, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությամբ»։ Նա ի լուր աշխարհի գլուխ էր գովում, որ այդ իրադարձությունների ընթացքում գեթ մի գրամ արյուն չի թափվել, ինչով պայմանավորված էլ այդ դեպքերը գնահատվեցին «թավշյա»։ Այո, 2018 թվականին, բարեբախտաբար, արյուն չի հեղվել, ընդ որում, դա տեղի չի ունեցոլ բացառապես նախկին իշխանությունների՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ:
Բայց դրանից ընդամենը 2.5 տարի անց հեղվեց հինգ հազար հայորդիների արյուն, ինչը, եթե ոչ ուղղակիորեն, ապա առնվազն անուղղակի կերպով 2018 թվականի հեղափոխությունը դարձեց արյունոտ հեղափոխություն։ Չենք խոսում այն բռնությունների մասին, որոնք բազմիցս կիրառվել են բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների դեմ:
Սակայն Նիկոլ Փաշինյանն անդավաճան մնաց թավիշին և անգամ այդքան զոհերից հետո կրկին պտտեցրեց թավշյա ձայնասկավառակը՝ արդեն պատերազմից հետո հայտարարելով՝ «վերջ թավիշին»։
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին և ցույց են տալիս, որ ըստ ամենայնի, նա թավիշը նույնացնում է Հայաստանի հետ, քանի որ հիմա ընթանում է «վերջ Հայաստանին» գործողությունը։
Դա, ի դեպ, զուգորդվում է դեռևս 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի արած մեկ այլ էպիկ հայտարարություն-սպառնալիքով՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»․ նա հիմա զբաղված է նրանով, որ Հայաստանն ըստ ամենայնի վարչապետ չի ունենա՝ պետության ու համապատասխանաբար՝ այդ պաշտոնի չգոյության պատճառով։
Նիկոլ Փաշինյանի կոդավորված արտահայտություններից ամենաողբերգականը, թերևս, «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսն էր, նաև որը պատճառ դարձավ արյունալի պատերազմի համար։ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր այդ կարգախոսի հակառակը՝ Արցախի մեծագույն մասի համար իրականություն դարձնելով «Արցախը Ադրբեջան է, և վերջ» իրողությունը։
Այդքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Մենք էս պատմության մեջ մեղադրվող չենք, մենք էս պատմության մեջ մեղադրող ենք»։
Նա ըստ ամենայնի ցանկանում է մեղադրել նախկին իշխանություններին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից՝ մինչև Սերժ Սարգսյան, որ նրանք ազատագրել ու պահպանել են Արցախը, որը հանձնելու համար իրեն մեղադրում են դավաճանության մեջ։
Դավաճանի խարանը, ի դեպ, ամենաշատն է մտահոգում Նիկոլ Փաշինյանին, և նա ցանկացած առիթ ինքնամոռաց օգտագործում է դրանից մաքրվելու փորձերի համար։ Փորձերը, իհարկե, անհուսորեն հաջողության չեն հասնում, բայց Նիկոլ Փաշինյանը չի վհատվում և շարունակում է «բոլորը դավաճան են, բացի ինձանից» ինքնարդարացումը։
Նիկոլ Փաշինյանի տեքստերի ու պոռթկումների քարոզչական ու քաղաքական խորհրդանիշները և կոդերը շատ-շատ են՝ սկսած «դժբախտ ու դժգույն Շուշիից»՝ մինչև «կիրթ Ալիև», «թշնամանքի կառավարումից»՝ մինչև «գելեր ու գելխեղդներ»։ Կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության գրեթե բոլոր խորհրդանիշներն ու կոդերը Հայաստանի, հայկական պետության ու պետականության տակ դրված դանդաղ գործողության ռումբեր են, որոնք պայթում են նրա պաշտոնավարման ամեն օրվա հետ։
Գլոբալ իմաստով Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է իր հեղինակած միակ գրքի վերնագրով՝ «Երկրի հակառակ կողմը»։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի ասել ու չի խոստովանել, բայց կյանքը ցույց է տվել, որ նրա պատկերացրած երկրի հակառակ կողմը ոչ թե աշխարհագրական ինչ-որ մեղմասացություն է, այլ բառի բուն իմաստով՝ երկրի հակառակ կողմ, այսինքն՝ երկրի, պետության չգոյությունը։
Հիմա նա վերջնական ճշգրտումներն է կատարում «Հայաստանը դժգույն ու դժբախտ պետություն էր» արտահայտության հնչեցման համար։ Դրա հրապարակումը սոսկ ժամանակի հարց է, և բացառված չէ, որ այն հնչի նաև ադրբեջաներենով։
Հարություն Ավետիսյան