«Գերիների թիվը պաշտոնապես հրապարակելը կնպաստեր, որ մեծանա Ադրբեջանի պատասխանատվությունը միջազգային գործընթացներում՝ մեծացնելով ճնշումը». Արման Թաթոյան

Այսօր «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ անհայտ կորածների, գերիների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մարդասիրական իրավունքին վերաբերող հարցեր են և չեն կարող քաղաքականացվել, մինչդեռ Ադրբեջանը դա քաղաքականացնում է:

«Միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջների համաձայն՝ այս հարցերը պետք է լուծվեն անմիջապես, չպետք է լինեն խոչընդոտներ, բայց մենք ի՞նչ ենք տեսնում, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունները զինված հարձակումների դադարից հետո առաջին օրից սկսած մշտապես խոչընդոտել են այս աշխատանքներին, բացահայտ խոչընդոտներ են առաջացնում:

Նախ՝ մարմինների փոխանակման, որոնման հարցերում էին առաջացնում, մինչև հիմա առաջացնում են խոչընդոտներ, դրանից բացի, նաև գերիներին, գերի ասելով՝ նկատի ունեմ քաղաքացիական անձանց և զինծառայողներին, չվերադարձնելը, ազատ արձակելու, վերադարձնելու պահանջները չկատարելը, բացահայտ քաղաքականացնում են հարցը և դրանով, բնականաբար, լարվածություն ստեղծելով  մեր հասարակությունում, հոգեկան տառապանքներ պատճառելով գերիների և, առավել ևս, անհետ կորածների ընտանիքներին, այն գերիների ընտանիքներին հատկապես, որոնց թիվը նրանք չեն հրապարակում, որոնց չեն հաստատում:

Գիտեք, որ ադրբեջանական իշխանությունները ոչ բոլոր գերիների թիվն են հաստատել, ինչն ավելի շատ խնդիրներ է ստեղծում մարդասիրական առումով: Ես ճիշտ չեմ համարում, որ Հայաստանի կառավարությունը չի հրապարակում՝ իր կարծիքով՝ քանի՞ գերի կա Ադրբեջանում, կարծում եմ, որ դա պաշտոնապես հրապարակելը կնպաստեր, որ մեծանա Ադրբեջանի պատասխանատվությունը միջազգային գործընթացներում՝ յուրաքանչյուր մարդու կյանքի համար պատասխանատվությունը մեծացնելով և, դրանից բացի, լրացուցիչ երաշխիք ապահովելով, ճնշումը մեծացնելով, ի վերջո: Մեկ այլ բան է, որ մեկ մարդու մասին է խոսքը, ճիշտ է, ամեն մարդ կարևոր է, բայց մեկ այլ բան է, երբ մի քանի հարյուր մարդու մասին է խոսքը»

Թաթոյանը պրիմիտիվ որակեց իր պնդման այն հակադարձումները, թե կարող է պարզվել, որ մեր հրապարակած թվից ավելի մարդ կա Ադրբեջանում:

«Ես չեմ ասում՝ սպառիչ թիվ հրապարակեք, սա ի՞նչ պրիմիտիվ մոտեցում է, ասում եմ՝ հրապարակեք՝ առնվազն որքան գերի ունենք»:

ՀՀ ՄԻՊ-ը հիշեցրեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ասել է, թե իրենց մոտ գերիներ չկան, «ահաբեկիչներ» են:

«Ասում են՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը պահել ենք, դուք էլ եք ասում՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»: Իմ կարծիքով՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը կարևոր սկզբունք է, բայց ճիշտ չընթացավ, համապատասխան երաշխիքներ չունեցանք, իսկ ադրբեջանական իշխանությունների վարքագիծը շատ պարզ է, նրանք չէին վերադարձնելու, պարզ էր, ակնհայտ է, որ եթե դու չունես երաշխիք պարտավորեցնելու, որ նրանք գործեն, չեն գործելու, պարզապես չեն կատարելու այդ պահանջը: Դրա համար հիմա առիթիվ օգտվելով՝ ասում են, որ գերիներ չունենք, «ահաբեկիչներ» են»,- ասաց Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ի պնդմամբ՝ հայ գերիները պետք է վերադարձվեին անգամ այն դեպքում, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ մասին կետ չլիներ: Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և մենք պետք է թույլ չտանք, որ մեր զգոնությունը թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ:

«Մենք, ցավոք սրտի, ունենք որոշ պաշտոնյաների անպատասխանատու հայտարարություններ, ովքեր թմրեցնում են մեր զգոնությունը, վտանգում են մեր երեխաների ապագան, իրավունքները, ես դրա մասին արդեն ստիպված հրապարակային եմ խոսում, որովհետև էլ չգիտեմ՝ ինչ անել, երևի քրեական պատասխանատվություն էլ պետք է նախատեսվի որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների համար, որովհետև դրանք շատ վտանգավոր են, կան դեպքեր, երբ դրանք միջազգային կազմակերպություններում օգտագործվում են մեր դեմ: Հետևաբար՝ այս հարցերում մենք պետք է զգույշ լինենք»,- ասաց Թաթոյանը:

Տեսանյութեր

Լրահոս