«Черепашка ниндзя» օպերացիայի ղեկավարի փոխշահավետ գործարքն իշխանությունների հետ

Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո բողոքի զանգվածային ու տարերային ակցիաներ էին տեղի ունենում մայրաքաղաք Երևանում, որոնք երբեմն ճնշվում էին աննախադեպ բիրտ եղանակներով:

Նոյեմբերի 20-ին ողջ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած երիտասարդների, ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված ակցիաները ճնշելու նպատակով Երևանի փողոցներում մեծ քանակությամբ տեղակայված ոստիկանական խմբերը տարօրինակ հանդերձանք ունեին: Նրանք դիմակներով էին, անհասկանալի սև հագուստով, որի վրա չինական հիերոգլիֆներով, հայտնի չէ, թե ինչ էր գրված:

Քաղաքացիները շատ արագ գտան այդ խմբերի բնորոշումը՝ «Черепашка ниндзя», 90-ականներին հայտնի մարտաֆիլմի հերոսների օրինակով:

Տելեգրամյան ալիքներից մեկն այդ առնչությամբ գրել էր, որ չինական հանդերձանքով դիմակավորված անձանց մեծ մասը, որոնք կեսօրից բռնությամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, չեն հանդիսանում ոստիկանության ծառայողներ:

«Այդ հանդերձանքով այս պահին քաղաքում շրջում են քրեական տարրեր, Խաչատուր Սուքիասյանի (Գռզո), Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) և Արտակ Սարգսյանի («Սաս»-ի Արտակ) թիկնապահները, ինչպես նաև Փաշինյանի ամառանոցում հավաքված զինված հրոսակները, որոնց հրահանգված է դաժան բռնություն կիրառել ցուցարարների դեմ: Ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել ընդդեմ Արցախը հանձնողների ակցիա անող հազարավոր քաղաքացիներին բերման ենթարկելու հրահանգը»,- գրել էր տելեգրամյան այդ ալիքը:

Այդ օրը 168.amը ոստիկանության լրատվական ծառայություն էր դիմել՝ պարզելու համար, թե, ի վերջո, ի՞նչ հանդերձանք էին կրում բողոքի ակցիաները ճնշող ոստիկանները, որոնք այդ օրն արտասովոր ագրեսիվ էին, մի բան, որ չէր նկատվում նախորդ օրերին:

«Պատերազմական գործողություններին մասնակցությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողների մի մասի հանդերձանքը պիտանի չի եղել օգտագործման համար և փոխարինվել է պահեստավորված հանդերձանքով, որի գրառումը զուտ ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել փոխարինել հայերեն գրառմամբ կամ տարբերանշանով»,- ասել էին ոստիկանությունից:

Կարճ ասած, թեման ծածկադմփոց արվեց ու, բնականաբար, մոռացության տրվեց:

168.am-ին, սակայն, նոր տեղեկություններ են հասել «Черепашка ниндзя» օպերացիայի ղեկավարի անձի ու գործունեության հետ կապված:

Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օպերացիան ղեկավարել է ոստիկանության ներքին զորքերի՝ Դավիթաշենի զորամասի հրամանատարի՝ ավտոծառայության գծով տեղակալ Գոռ Սահակյանը:

Եվ երևի ամեն բան այդպես հանգիստ էլ կսվաղվեր, եթե մի օր ներքին զորքերի համապատասխան վարչությունը չորոշեր ստուգումներ իրականացնել Գոռ Սահակյանի ղեկավարած ավտոծառայությունում:

Ստուգումները պարզում են, որ ոստիկանության Ներքին զորքերի՝ Դավիթաշենի զորամասի հաշվեկշռում եղած մեքենաների արագությունն ու անցած ճանապարհի կիլոմետրաժը չափող սարքերը (սպիդոմետրերը) առաջ են տրված, ավելի պարզ ասած՝ տեղի է ունեցել վառելիքի, տվյալ դեպքում՝ բենզինի չարաշահում:

Սա, բնականաբար, դիտարկվում է՝ որպես պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների յուրացում, և ոլորտը համակարգող Գոռ Սահակյանը հայտնվում է քրեական գործի ֆիգուրանտ դառնալու հեռանկարի առջև: Մեր տեղեկություններով՝ անգամ ծառայողական քննություն է նշանակվում:

Սակայն Գոռ Սահակյանն իրավապահներին իր տեսակի մեջ ուշագրավ գործարք է առաջարկում. ինքը չի բացահայտում՝ ինչպե՞ս և ո՞ւմ հրահանգով է իրականացվել «Черепашка ниндзя» օպերացիան, ի՞նչ ու որտեղի՞ց բերված համազգեստ են կրել դրա մասնակիցները, իսկ փոխարենը՝ իշխանություններն էլ մոռանում են իրենց ստուգումների արդյունքների ու իր անձի մասին:

Փոխադարձ համաձայնությամբ թեման «ջրվում է», իսկ Գոռ Սահակյանն էլ հաջողությամբ անցնում է թոշակի:

Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից ասացին. «Այս պահին ձեր կողմից նշված անձի տվյալներով ծառայողական քննություն չկա»: Այլ մանրամասներ չհայտնվեցին:

Տեսանյութեր

Լրահոս