Ի՞նչ հանդերձանք էին կրում այսօր բողոքի ակցիաները ճնշող խմբերը. Ոստիկանությունը պարզաբանում է

Այսօր ողջ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած երիտասարդների, ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված ակցիաները ճնշելու նպատակով Երևանի փողոցներում մեծ քանակությամբ տեղակայված ոստիկանական խմբերը տարօրինակ հանդերձանք ունեին:

Նրանք դիմակներով էին, անհասկանալի սև հագուստով, որի վրա չինական հիերոգլիֆներով հայտնի չէ, թե ինչ էր գրված:

Տելեգրամյան ալիքներից մեկն այդ առնչությամբ գրել էր, որ չինական հանդերձանքով դիմակավորված անձանց մեծ մասը, որոնք կեսօրից բռնությամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, չեն հանդիսանում ոստիկանության ծառայողներ:

«Այդ հանդերձանքով այս պահին քաղաքում շրջում են քրեական տարրեր, Խաչատուր Սուքիասյանի (Գռզո), Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) և Արտակ Սարգսյանի («Սաս»-ի Արտակ) թիկնապահները, ինչպես նաև Փաշինյանի ամառանոցում հավաքված զինված հրոսակները, որոնց հրահանգված է դաժան բռնություն կիրառել ցուցարարների դեմ: Ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել ընդդեմ Արցախը հանձնողների ակցիա անող հազարավոր քաղաքացիներին բերման ենթարկելու հրահանգը»,- նշել էր այդ ալիքը:

168.am-ը ոստիկանության լրատվական ծառայություն դիմեց՝ պարզելու համար, թե, ի վերջո, ի՞նչ հանդերձանք էին կրում բողոքի ակցիաները ճնող ոստիկանները:

Ի դեպ նշենք, որ այսօր նրանք արտասովոր ագրեսիվ էին, մի բան, որ չէր նկատվում նախորդ օրերին:

«Պատերազմական գործողություններին մասնակցությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողների մի մասի հանդերձանքը պիտանի չի եղել օգտագործման համար և փոխարինվել է պահեստավորված հանդերձանքով, որի գրառումը զուտ ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել փոխարինել հայերեն գրառմամբ կամ տարբերանշանով»,- ասացին ոստիկանությունից:

Տեսանյութեր

Լրահոս