Հոշոտվող Հայաստան

Հայաստանը նման է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի, որին միացված է արհեստական շնչառության սարք։ Մինչ այդ, այն արդեն մի քանի անգամ կլինիկական մահ է ապրել՝ պատերազմ, նոյեմբերի 9-ը, հունվարի 11, մայիսի 12, մայիսի 25․․․

Իրատեսության հարթությունում, ինչպես մահամերձ հիվանդի պարագային, Հայաստանի դեպքում փրկության հնարավորություններ գրեթե չկան։

Այդուհանդերձ, քանի դեռ արհեստական շնչառության սարքն անջատված չէ, պահպանվում է փրկության խիստ տեսական, անմարմին հույսը, որը, սակայն, խամրում է ամեն օրվա ու ամեն հաջորդ կլինիկական մահվան հետ։

Առաջիկա ընտրությունները, մեծ հաշվով, լուծելու են արհեստական շնչառության սարքի անջատման հարցը։
Հայաստանը քաղցկեղային մետաստազներով մահամերձի վիճակի հասցրած Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հաղթանակի դեպքում արհեստական շնչառության սարքն անջատվելու է՝ արձանագրելով մահամերձի վերջնական մահը։

Դրանից հետո Հայաստանի հետ տեղի է ունենալու այն, ինչ կատարվում է անտառում լքված դիակի հետ՝ գիշատիչների հայտնվելու պարագային՝ Հայաստանի մնացուկները հոշոտվելու են վերջնականապես։

Ավելի լավատեսական սցենարի դեպքում տեղի է ունենալու օրգանների վաճառք, ինչպես վարվում են ավելի ժամանակակից մարդավաճառները։

Իրականում հենց այս հարցն է դրված ընտրության խաղասեղանին, որը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում՝ վերածվելու է դիասեղանի՝ անթաղում ու անհոգեհաց հուղարկավորության խիստ տեսանելի հեռանկարով։

Հայաստանին միացված արհեստական շնչառության սարքն ընտրություններում որևէ այլ ուժի հաղթանակի դեպքում կարող է անջատվել՝ պայմանավորված վերակենդանացման աղոտ հույսի առաջացմամբ։ Այնպես չէ, որ որևէ այլ ուժի հաղթանակը երաշխավորելու է ապաքինումը։ Ամենևին։

Հիվանդի օրգանիզմը չափից ու բուժելիությունից ավելի է ախտահարված։ Այդուհանդերձ դա միակ պարագան է, որը կարող է Հայաստանի վերականգնման գոնե խամրած հույս արթնացնել։

Առաջիկա ընտրությունների այդպիսի նշանակության գիտակցում հասարակության մոտ չկա, որովհետև պետության ախտահարումը տեղի է ունեցել նաև ու այն պատճառով, որ հանրային գիտակցությունը բթացվել է անզգայականության աստիճանի։

Այդ գիտակցության առկայության ու դրանով պայմանավորված համապատասխան արգելակների գոյության դեպքում Նիկոլ Փաշինյանը պետության հետ չէր կարող անել այն, ինչ ժամանակին հեռուստատեսային եթերից անում էր սիրելի խոզի հետ։

Հայաստանը, մեծ հաշվով, նրա համար հենց այդ խոզի նշանակությունն ունի, որին սկզբում մաշկազերծել է և հիմա պատրաստվում է ապխտել։

Ընտրություններում նրա հաղթանակը նշանավորելու է հենց այդ ապխտման մեկնարկը, որը, ինչպես սիրելի խոզի դեպքում, երևի կրկին կցուցադրվի հեռուստատեսությամբ։

Ամեն օրվա հետ մոտենում է Հայաստանին միացված արհեստական շնչառության սարքն անջատելու պահը։ Չափազանց փոքր է հնարավորությունը, որ այն անջատվելու է վերակենդանացման և ոչ՝ վերջնական մահի արձանագրման համար։ Աննշան հույս, այդուհանդերձ, կա, բայց որպեսզի այդ հույսը կենդանության նշաններ հաղորդի Հայաստանին, անհրաժեշտ է հանրային գիտակցության արթնացում ու սթափ դատողականություն։

Սակայն վերջինի հույսն անհամեմատ ավելի փոքր է, քան Հայաստանի փրկության՝ ամեն օրվա հետ մշուշվող ակնկալիքը։

Տեսանյութեր

Լրահոս