«Այն, ինչ ունենք, իշխող ուժի ձախողումների, անգործության ու փնթիության հետևանքն է»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։
«Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով, երբ որևէ բանաձև կամ միջազգային փաստաթուղթ ուղղակիորեն չի բխում Ադրբեջանի շահերից կամ հակասում է այդ շահին, Ադրբեջանը չի խորշում ձեռնպահ մնալ պահանջի կատարումից:
«Այս իրավիճակում պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը ԵՄ անդամ չէ, ուստի դժվար կլինի պարտավորության չկատարման դեպքում անմիջականորեն որևէ սանկցիա մատնանշել: Այս համատեքստում հիշենք, որ ՄԻԵԴ-ը հօգուտ հայկական կողմի միջանկյալ միջոցներ է կիրառում, բայց Ադրբեջանն այդ դեպքում ևս ձեռնպահ է մնում դրանց կատարումից: Ադրբեջանը մինչ այս հրաժարվել է որոշումները կատարել՝ չներկայացնելով պատշաճ հիմնավորումներ:
Մեծ հաշվով, այդ կառույցներն Ադրբեջանի վրա ազդելու կարճաժամկետ որևէ պատժամիջոց չունեն: Այլ հարց են երկարաժամկետ միջոցները: Օրինակ է ԵՄ մի շարք ծրագրերից, ֆինանսավորումներից զրկելու հնարավորությունները, որոնցից կարող են օգտվել և կիրառել ԵԽԽՎ-ն ու միջազգային կառույցները՝ որպես պարտավորվածությունների ու պարտավորությունների չկատարման հետևանք: Բայց կարճաժամկետ առումով ազդակի հնարավորություն չկա, և առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային կառույցների պահանջները»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նշվածի հետևանքով միջազգային մի շարք կոնվենցիաների համատեքստում հայկական կողմը վատ դրության մեջ է հայտնվում մեր հարենակիցների ճակատագրերը, կյանքն ու անվտանգությունը երաշխավորելու տեսանկյունից:
«Բացի վերոգրյալից, Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված այն կետը, որը վերաբերում է նաև ռազմագերիներին վերադարձնելու պահանջին: Այս իրավիճակը մեծապես կախված է իշխող ուժի ձախողումներով: Սա անգործության հետևանք է, որովհետև խորհրդարանական դիվանագիտության աշխատանքը գրեթե զրոյական է: Սա իշխող ուժի տապալումն է: Ադրբեջանի կողմից ռազմագերիների հարցում ընդգծված հակաիրավական գործելաոճից բացի, այն, ինչ ունենք, իշխող ուժի անգործության ու փնթիության հետևանքն է»,-ասաց նա:
Անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևի ընդունմանը՝ նա նշեց, որ այն ոչ թե իշխող ուժի, այլ հիմնականում ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ պատգամավորական մանդատ չունեցողների, ինչպես նաև գործող ընդդիմադիր խմբակցության պատգամավորների և իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն էր.
«Շատ դժվար է առանց իշխանական լծակների նման արդյունքի հասնել: Չունենալով իշխանական լծակներ՝ նրանք առատ փաստական հանգամանքներ ունեին: Իսկ իշխանության մակարդակով այս ամբողջ ընթացքում որևէ շոշափելի քայլեր չեն ձեռնարկել: Իշխող ուժը վատնեց այս վեց ամիսները, փաստական հանգամանքներն ու հնարավորությունները՝ երկրին կանգնեցնելով փաստի առաջ»:
Նա շեշտեց, որ միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ինչ աշխատանք է իրականացնում երկրի վարչապետի որոշումով դեկտեմբերի սկզբին ստեղծված՝ գերիների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը:
«Եթե որևէ ձեռքբերում լիներ, համոզված եմ, հիմա հեղեղել էին լրահոսը: Միևնույն ժամանակ, անտեսեցին բանաձևի ընդունման լուրը, ինչ է թե՝ իրենց ձեռքբերումը չէր: Ընդհանուր առմամբ, իշխող ուժի ներկայացուցիչները բացառապես ներքաղաքական կյանքում մանիպուլ յացիաներ գեներացնելու և իրենց աթոռը պահելուն ուղղված գործողություններ են իրականացնում՝ անտեսելով նույն ռազմագերիների ճակատագրերը: Նշվածն ապացուցվել է գործով. հետպատերազմյան շրջանում այդ ուղղությամբ տասնյակ հնարավորություններ ու խաղաքարտեր չօգտագործվեցին: Յուրաքանչ յուր պարտավորություն կատարելուց մի խումբ ռազմագերի վերադարձնելու հնարավորություն ունեինք, ինչը տեղի չի ունեցել»,-նշեց Գ. Մելոյանը:
Նա շեշտեց, որ դեռ մեկ ամիս առաջ, երբ ԵԽԽՎ-ն ևս ռազմագերիներին վերադարձնելու հայտարարություն արեց, կանխատեսել է, որ նշվածից բխող իրավիճակը կարող է շահարկվել ՀՀ-ի նկատմամբ նոր տարածքային պահանջներ ներկայացնելու ուղղությամբ. «Արդեն այսօր առերեսվել ենք այդ իրականությանը: Արդեն ՀՀ սահմաններն են օրակարգ դարձել: Այս ողբերգական իրավիճակում առաջնային խնդիրն այն է, որ Ադրբեջանն ունի մի շարք խաղաքարտեր, որոնք շահարկելու է: Ի վնաս մեզ մի շարք հարցերի լուծում է տրվելու»,-ասաց Գոհար Մելոյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: