«Խելոքները» որ խոսում են սահմանազատման և սահմանագծման մասին, մտածո՞ւմ են, եթե սահմանները ճանաչվեն, դրա ո՞ր կողմում կհայտնվի Արցախը. ադրբեջանագետ
«Սահմանագծումն ադրբեջանական կեղծ օրակարգ է, որ բերեցին, փաթաթեցին հայ հասարակության և պետականության պարանոցին: Տեսեք, Արցախի մասին արդեն շատ քիչ են խոսում, ու դա առաջինն էր, որ հաջողվեց Ադրբեջանին, այսինքն, Արցախը մնաց երկրորդական պլանում՝ ադրբեջանական հոգեբանական ահաբեկչության արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ իրականում Ադրբեջանը փորձում է ձևացնել և առաջ շարժվել Գեղարքունիքում և Սյունիքում, սակայն կկանգնի այնտեղ, որտեղ կկանգնեցնեն:
«Ցավոք, մեր կողմից համապատասխան գործողություններ չեն արվում՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական դաշտում: Ահաբեկիչների հետ չեն բանակցում, ահաբեկիչներին ոչնչացնում են: Ադրբեջանը փորձում է ահաբեկել, բայց պատերազմը նրանց համար այդքան էլ հեշտ չի վերջացել: Միջազգային ռազմական փորձագետներն արդեն հաստատում են, որ այդ երկիրը մոտ 20.000 զինվոր է կորցրել, ընդ որում, դա ադրբեջանական էլիտան էր՝ սպաներ, հատուկջոկատայիններ և այլն: Այսպիսի հարվածից հետո Ադրբեջանը դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու, այնպես որ, ի վիճակի չէ խոշոր պատերազմ հրահրել, եթե Թուրքիան կրկին նրա փոխարեն չկռվի: Եվ հետո, սխալ է խոսել սահմանազատման և սահմանագծման մասին այն երկրի հետ, որի հետ չունես դիվանագիտական հարաբերություններ: Խոսում են անկլավների մասին, բայց չեն հիշատակում հայոց Արծվաշեն անկլավը, որն օկուպացրել է Ադրբեջանը:
Պետք է նաև հիշենք, որ ադրբեջանական Հանրապետությունն իր անկախության վերաբերյալ հռչակագրում և պետականության հիմքում դրված փաստաթղթերում հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ լինելուց: Իհարկե, դա իր պատճառներն է ունեցել, առաջինը՝ այն, որ չփոխհատուցի ադրբեջանահայ փախստականների կրած վնասները:
Փորձում են նաև ավելի լայն սահմաններ վերցնել, առաջին ադրբեջանական դեմոկրատական հանրապետության սահմանները, որը հռչակեց իրենց սահմաններում Դերբենդը, Կարսը, Բաթումը, Աջարիան և այլն: Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի առաջին հանրապետությունը չճանաչված պետություն էր, նրա սահմանները ոչ ոք չէր ճանաչել, այնպես որ՝ նրանք իրավունք չունեն այս քարտեզները ներկայացնել: Իրենք հրաժարվել են ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ լինելուց: Ու այն, որ ինչ-որ քարտեզներով, GPS-ներով փորձում են գծագրումներ անել, նույնպես ապօրինի է: Մենք չպետք է լեգիտիմացնենք դա՝ բանակցություններով կամ որևէ բան ստորագրելով:
Չպետք է մոռանանք, որ Արցախը և Նախիջևանը, այսպես կոչված, Ադրբեջանի կազմում հայտնվել են խորհրդային ժամանակահատվածում, և, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրավահաջորդությունից, ապա ոչ միայն Արցախի նկատմամբ որևէ հավակնություն չի կարող ներկայացնել, այլև խնդրահարույց է դառնում այն, թե Նախիջևանը, որ Հայաստանի բաղկացուցիչ մասն է, հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանագետն այս փուլում կարևորեց Արցախի անկախության ճանաչումը:
««Խելոքները» որ խոսում են սահմանազատման և սահմանագծման մասին, մտածո՞ւմ են, որ եթե սահմանները ճանաչվեն, դրա ո՞ր կողմում կհայտնվի Արցախը: Կարո՞ղ է ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Եթե որևէ բան ստորագրեն, ապա դա կնշանակի, որ այս 30 տարվա ընթացքում պատերազմում զոհվելը, ժողովրդի՝ այդքան զրկանքներ կրելն իզո՞ւր էր: Եթե այդքան հանդուրժող են դարձել, ապա ինչո՞ւ էր մեր երկիրը 30 տարի շրջափակման մեջ, եթե այդքան կառուցողական են, թող նախորդ 30 տարիների ընթացքում այդպիսին լինեին: Ժամանակավոր պաշտոնակատարներին ո՞վ է լիազորել նման որոշումներ կայացնել: Մեզ համար կարևոր է Արցախի կարգավիճակի հարցը. տեսնում ենք, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դուրս են մնացել Մինսկի գործընթացից, և միակ հնարավորությունը՝ ազդել գործընթացի վրա, դա Արցախի ճանաչումն է: Մենք պետք է փորձենք դրա վրա աշխատել: Հայաստանը ևս պետք է ճանաչի Արցախի անկախությունը»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը:
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Մայիսի 20-ի կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջական սահմանին՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայտնի հատվածներում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ մնում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում։