ԻՀՊԿ-ի հրամանատարը ՀԱՄԱՍ-ին խոստացել է, որ Իրանը կշարունակի աջակցել շարժմանը. ԶԼՄ-ներ
Իրանի իշխանությունները կշարունակեն ակտիվորեն աջակցել Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժմանը։
Այս մասին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուրբաթ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել պաղեստինցի ժողովրդին և ՀԱՄԱՍ-ի խիզախ շարժմանը։ Իրանը չի հրաժարվի այդ հարցում իր դերից», – ասել է նա։
Հանիան իր հերթին «խորին երախտագիտություն է հայտնել Իրանին պաղեստինյան ժողովրդին և ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող օգնության համար»:
Ինչպես նշում է ռադիոկայանը, զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: