«Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել. խորհրդարանին շրջանցել այլևս չի ստացվելու». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ՀՀ սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն, քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի խորհրդարանում։

«Ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ խորհրդարանի, ո՛չ Կառավարության անդամների մեծ մասը, կարծում եմ՝ ո՛չ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա։ Այս իմաստով, կրկին առանց ժողովրդի, կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, հերթական պրոցեսն է ընթանում։ Սրա հետ կապված՝ մենք նախաձեռնում ենք արտահերթ նիստ, խոսել եմ նաև ԲՀԿ-ի հետ, երբ հայտարարությունը պատրաստ լինի, կներկայացնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նշեց, թե սպասում էր, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ կմանրամասնի, թե խոսքն ինչ փաստաթղթի մասին է, սակայն Փաշինյանը խուսափեց և չներկայացրեց, միայն նշեց, թե այդ փաստաթուղթը հարյուր տոկոսով բխում է ՀՀ շահերից։

«ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեր, վարչապետի ու այլ ուժերի համար, հետևաբար՝ այդ փաստաթուղթը մանրամասն պետք է ներկայացվի խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա մեր շահերի՞ց է բխում, թե՞ ոչ։ Եթե լավ բան են անում, ապա ինչպե՞ս կարելի է  այն թաքցնել, լավ բանը ինչպե՞ս կարող է թաքցնել։ Ես պատկերացնում եմ, որ այն պետք է հրապարակվի՝ որպես նախագիծ, որ՝ ժողովուրդ ջան, տեսեք, սա պատրաստվում եմ ստորագրել, ու կետերով բացատրի, թե ինչու համար, որից հետո ժողովուրդը կորոշի՝ դա լա՞վ բան է, թե՞ ոչ»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Դիտարկմանը, որ այսօր խորհրդարանում մեծամասնություն է Նիկոլ Փաշինյանի թիմը, հետևաբար՝ ինչ փաստաթուղթ էլ բերեն, կանցնի, Էդմոն Մարուքյանը նկատեց՝ կարծում է, որ ժողովրդի ճնշման տակ կարող են այն չանցկացնել։

«Օրինակ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինչո՞ւ չբերեցին խորհրդարան, որովհետև գիտեին, որ բերեին՝ չէին կարողանալու վավերացնել, դրա համար էլ հիմա խորհրդարանին շրջանցել այլևս չի ստացվելու։ Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն Արցախում պատերազմի դադարեցմանն էր վերաբերում, սա արդեն ՀՀ սուվերեն տարածքների, սահմանների մասին է»,- շեշտեց նա։

Հարցին՝ այս փաստաթղթի շրջանակներում Տավուշի մարզի գյուղերի հետ կապված մտավախություն չունի՞, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ցանկացած մտավախություն ունի։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած հակահայկական փաստաթղթին, որը, ըստ Մինասյանի՝ պատրաստվում է ստորագրել Փաշինյանը։

«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սևով փակած է: Եվ դա ներկայացվում է՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը  բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:

Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն  է: Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:

Այն լուծումները, որոնք, մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Միքայել Մինասյանն էլ նիստից հետո գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք»։

Տեսանյութեր

Լրահոս