Իրանը ցույց է տալիս Հայաստանի հարցում կարմիր գծերը

Սյունիքի մարզում ստեղծված աննախադեպ սահմանային իրավիճակը միայն առաջին հայացքից է լոկալ կամ նույնիսկ տարածաշրջանային նշանակության հարց: Սյունիքի մարզում այս օրերին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից են կախված աշխարհաքաղաքական մեծ գործարքներ և դրանց ապագան: Եվ ըստ էության հենց այդ հարցերն են այսօր լուծվում Սյունիքում, իսկ թե արդյունքում աշխարհաքաղաքական որ բևեռին կհաջողվի հաջողություն ամրագրել, դեռ պարզ չէ:

Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական ողջ պատկերն ուրվագծելու և հասկանալու համար պետք է հետևել աշխարհում տեղի ունեցող գրեթե բոլոր գործընթացներին, հատկապես՝ ռուս-ամերիկյան, թուրք-ամերիկյան, իրանաամերիկյան, իրանաչինական, Իրան-Սաուդիան Արաբիա, վրաց-իրանական, պաղեստինաիսրայելյան, իսրայելա-ամերիկյան-թուրքական հարաբերություններում, որոնցից պարզ է դառնում, որ Հայաստանն աշխարհաքաղաքական զարգացումների էպիկենտրոնում է, և գերտերությունների շահերն անցնում են Հայաստանով, սակայն Հայաստանում հաստատված անպատասխանատու իշխանություններն ունակ չեն ճիշտ գնահատել իրավիճակը:

Ակնհայտ է, որ ի տարբերություն Ղարաբաղյան ողբերգական պատերազմի, որում Հայաստանի արևմտյան գործընկերները բացառիկ պասիվություն և անկարողություն դրսևորեցին, վերջին շրջանում՝ ԵԱՀԿ ՄԽ գործընթացը վերականգնելու, իսկ այս օրերին՝ նաև Սյունիքի շուրջ իրավիճակի վերաբերյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ինչպես նաև Իրանը, Վրաստանը ուշագրավ ակտիվություն են ցուցաբերում: Նախորդ օրերին ականատեսը դարձանք հայտարարությունների Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, սակայն ուշագրավ մեկնաբանություններ են հնչում նաև Իրանից:

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժման մասին ասել է, որ Իրանի դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է՝ «դա մեզ համար անընդունելի է»։ Զոլնուրին ասել է․ «Իրանի դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»:

Նա ասել է, որ աջակցում են երկու երկրների տարածքային ամբողջականությանը:

Մայիսի 15-ին էլ միջադեպ էր տեղի ունեցել ադրբեջանաիրանական սահմանին, որի հետևանքով 2 ադրբեջանցի սահմանապահ էր սպանվել, ինչը մի շարք միջազգայնագետների կողմից դիտարկվեց՝ որպես Սյունիքում զարգացող իրավիճակի շրջանակում իրանական ուղերձ Ադրբեջանին։ Իրանը զուգահեռաբար հարաբերությունների կարգավորման ճանապարհով է շարժվում ԱՄՆ-ի, Եվրամիության, Սաուդիան Արաբիայի հետ, նոր որակի հարաբերություններ կառուցելով Չինաստանի հետ, ինչն Իրանին խոստանում է էներգակիրների նոր շուկաներ և դրանց ճանապարհին ենթակառուցվածքների ձևավորում: Թերևս, պատահական չէ, որ վերջին շրջանում ակտիվացել է Պարսից ծոց-Սև ծով ծրագրի մասին խոսակցությունը, այդ թվում՝ Վրաստանի կողմից: Ինչպես հայտնի դարձավ, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի երևանյան այցի շրջանակում տրանսպորտային միջանցքի հարցը քննարկվել էր: Ուշագրավն այն հանգամանքն է, որ թեման ակտիվացել է եռակողմ բանակցություններին զուգահեռ, որոնց շրջանակում քննարկվում է Նախիջևան-Ադրբեջան կապն ապահովելուն ուղղված ճանապարհները, որն ադրբեջանական կողմն անվանում է նույնիսկ Զանգեզուրի միջանցք:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ իրականում այս բոլոր գործընթացները հյուսված են և չափազանց փոխկապակցված, տրամաբանական: Նրա խոսքով, Իրանը ցույց է տալիս, որ Հայաստանի հարցով «կարմիր գծեր» ունի:

«Իրանն իր արտաքին քաղաքական «վախերն» ունի, ավանդական արտաքին քաղաքական խնդիրներն ու վտանգները Թուրքիայից և Ադրբեջանից, և ավանդականորեն Հայաստանի հետ հարաբերությունները չեն ունեցել քաղաքական լուրջ բովանդակություն, սակայն մեծ վստահություն: Ըստ էության, առևտրատնտեսական կապերը ևս տուժել են Իրանի արտաքին քաղաքականության և պատժամիջոցների հետևանքով: Կողմերը երբեք լրջորեն չեն մտածել հայ-իրանական հարաբերությունների ողջ ներուժը, ռեսուրսը գործի դնելու և վստահությունը քաղաքականապես առարկայացնելու մասին: Նույնիսկ թվացել է՝ դրանք ունեն մակերեսային բնույթ: Ներկայիս կեցվածքի պատճառն Իրանի անվտանգությունն է, հետագա ծրագրերը, որ իսկապես Իրանին թույլ են տալիս մեծ պրոյեկտներ գծել կամ իրագործել արդեն իսկ գծվածները, ինչպես նաև տարածաշրջանում թուլացած ազդեցությունը վերականգնելու ցանկությունը: Ղարաբաղյան պատերազմով անմիջապես մենք տեսանք աշխարհաքաղաքական դասավորություն, բայց հասկանում էինք, որ թատերաբեմում չեն եղել մի շարք դերակատարներ կամ լռեցվել են, իսկ հիմա կան պրոցեսներ, որոնք հնարավորություն են տալիս հավաքական կերպով անդրադառնալ նաև այս հարցին: Բացի այդ, խնդիրը նաև միջազգայնորեն ճանաչված սահմանն է, և նորություն չէ, որ Իրանի համար սա կարևոր թեմա է»,- ասաց ռուս արևելագետը:

Նրա դիտարկմամբ, թեև Իրանում առաջիկայում ընտրություններ են, և այնտեղ իշխանափոխությունը կարող է ինչ-որ նոր իրավիճակ ստեղծել, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում, սակայն ներկայումս այն, ինչ տեղի է ունենում, ըստ էության, այն է, ինչ անում էր Օբամայի վարչակազմը, և ներկայումս ամեն ինչ վերադառնում է նախկինին, քանի որ Թրամփը ոչ միայն արգելափակել էր որոշ գործընթացներ Իրան-ԱՄՆ հարաբերություններում, այլև կանգնեցրել որոշ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներ, որոնք սկսել են գլուխ բարձրացնել հիմա: «Դրանց արձագանքները ներկայումս արտացոլվում են իսրայելապաղեստինյան հակամարտությունում:

ՀՀ արտաքին քաղաքականության համար աշխատելու բավականին ընդարձակ դաշտ է ստեղծվել՝ հաշվի առնելով տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի շահերն ու աշխարհաքաղաքական միտումների ընթացքը: Դա պետք է տեսնել ու կարողանալ ներգրավվել դրանում՝ սեփական շահը դրանցում ունենալու և շահերը չկորցնելու համար, իսկ թե որքանով է դա հնարավոր ներկայումս Հայաստանում, չեմ կարող ասել, բարդ է»,- նկատեց նա:

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանի արտաքին քաղաքականությունը փորձում է «արթնանալ քնից» և ավելի ակտիվ գործել: «Ընդհանրապես Իրանը երկար ժամանակ, կարելի է ասել, կենտրոնացած էր այլ տարածաշրջանների ուղղությամբ, անտեսելով, օրինակ, Հարավային Կովկասը, սակայն անակնկալներ եղան այնտեղ, ուստի հիմա Իրանը փորձում է վեկտորները փոփոխել, որը, ինչ խոսք, պայմանավորված է նաև Արևմուտքի հետ հարաբերությունների տեսլականով:

Պարսից ծոց-Սև ծովը հավակնոտ, շատ լուրջ պրոյեկտ է, որը կարող է իրականացվել, ներգրավված բոլոր կողմերը ըստ էության դրանում հետաքրքրված են, կարող են, իհարկե, կլինեն խոչընդոտներ, իսկ արտաքին քաղաքականությունն ուղղված է լուծելու դրանք: Ընդհանրապես տարածքային ամբողջականությունը կարևոր սկզբունք է Իրանի համար: Իրանը բազմիցս է խոսել այդ մասին նույնիսկ ԼՂ հակամարտության կոնտեքստում, ինչը սովորաբար սխալ էր ընկալվում Հայաստանում կամ միակողմանի, սակայն Իրանը անում է շեշտեր՝ ելնելով նաև իր խնդիրներից, և այս հարցում Իրանը լուրջ գործընկեր է Հայաստանի համար:

Սա ազդակ է, որ կարելի է համագործակցել և խորացնել այդ համագործակցությունը, բայց դա կախված է երկու կողմից և աշխարհաքաղաքական իրավիճակից: Կարծում եմ՝ միջուկային գործարքի վերականգնումը երկար սպասեցնել չի տա, բայց դրա հետևանքները տարածաշրջանի վրա անմիջապես չեն լինի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս