«Աննախադեպ» աճերն ավարտեցին, անցել են «պատմական ռեկորդներին»
Իշխանությունները սկսել են չբավարարվել տնտեսության «աննախադեպ» աճերով. հիմա էլ սկսել են «պատմական ռեկորդներ» խփել։ «Աննախադեպ» աճերն այլևս չունեն նախկին ազդեցությունը, հատկապես որ, դրանցից հետո տնտեսությունը կոլապսի ենթարկվեց ու մինչև հիմա ուշքի չի գալիս։
Սպասվող ընտրություններին ընդառաջ կարծես ավելի մոդայիկ են դառնում ռեկորդները, այն էլ՝ «պատմական ռեկորդները»։
Այդպիսի մի ռեկորդի մասին կառավարության անցած նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Մինչ օրակարգին անցնելը, ես ուզում եմ մեկ-երկու շեշտադրում անել՝ կապված ապրիլ ամսվա հարկային եկամուտների հետ:
Խնդիրն այն է, որ ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար։
Ճիշտ է, այստեղ կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն՝ այն առումով, որ, հիշում եք, անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, մենք հետաձգեցինք, ավելի ճիշտ՝ կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ լավ, որովհետև արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, այսինքն՝ իրենից օտարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել:
Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարեցինք շուրջ 22 մլրդ դրամով, և հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք ոչ միայն պահպանել, այլև ավելացնել,-հայտարարեց կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։
Հարկային եկամուտների ապրիլ ամսվա պաշտոնական տվյալները դեռևս չեն հրապարակվել, բայց դա չի խանգարում հասկանալու համար, որ գործ ունենք ոչ թե «պատմական ռեկորդի», այլ պարզապես հետաձգված եկամուտների վերադարձի հետ, որոնց վրա հերթական մանիպուլյացիան է անում Նիկոլ Փաշինյանը։
Համավարակով պայմանավորված՝ անցած տարի հետաձգվեց երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարների վճարումը։ Խոսքն առնվազն 20-25 մլրդ դրամի մասին է, որը բյուջեն պետք է ստանար, բայց այն ժամանակ չստացավ։ Դրա վճարումը հետաձգվեց ու կատարվել է այս տարվա ապրիլին։
Արդյունքում, ուզած թե չուզած, պիտի ունենայինք եկամուտների ավելացում։ Այս տարվա ապրիլին ակնկալվող եկամուտներին ավելացել են նաև անցած տարվա երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները։
Սա է ընդամենը։ Բայց դա բոլորովին էլ կապ չունի տնտեսության զարգացումների հետ, ինչպես փորձում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։ Ու դրանում մենք կհամոզվենք արդեն հաջորդ ամսվա կատարողականի ժամանակ։
Այսպիսի խորամանկություններով չէ, որ որոշվում են հարկային եկամուտների շարժերը։ Կարևորը ոչ թե ձևական թվերն են, այլ իրական արդյունքները։ Այդ արդյունքներն են, որ չեն երևում։ Թե չէ, մանր խորամանկություններով միշտ էլ կարելի է ցուցանիշներ ցույց տալ։ Բայց դա, միևնույն է, ոչինչ չի տալիս։ Մինչև համավարակն էլ «աննախադեպ» աճերից ու տնտեսության զարգացումներից էին խոսում։ Պարզվեց՝ տակը բան չկա։
Հիմա էլ ուզում են ցույց տալ, թե հարկային եկամուտներն են «պատմական ռեկորդ» գրանցում, երբ տնտեսությունը շարունակում է անկումային լինել։ Որտեղի՞ց այդ «ռեկորդային եկամուտները», եթե տնտեսությունը չի աճում։ Եկամուտների ավելացման համար պետք է, չէ՞, որ տնտեսական հիմքեր լինեն։ Այդ հիմքերը չկան։ Ու դրանց փոխարեն, ահա այսպիսի խորամանկություններով են ուզում լցնել մարդկանց գլուխները։ Վաղն էլ կարող են ասել, թե անցած տարի տնտեսությունն այնքան արդյունավետ է աշխատել, որ այս տարի շահութահարկի ռեկորդային մուտքեր ենք ապահովել։ Բայց գիտենք, որ այդպես չէ։
Չպետք է մոռանալ նաև, որ շահութահարկի հետաձգված վճարներից բացի, այս տարվա հարկային մուտքերի վրա ոչ պակաս էական ազդեցություն են ունեցել ևս 2 գործոններ. կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ավելացրել են քաղաքացիների հարկային բեռը։
Խոսքը վերաբերում է՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ դրոշմանշային վճարներին։
Դրոշմանշային վճարները, ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից կտրուկ բարձրացել են։ Արդյունքում՝ միայն առաջին եռամսյակում զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի մասհանումներ, որոնք ձևավորվում են աշխատավարձերից, ավելի քան կրկնապատկվել են։
Անցած տարի դրանք կազմել էին 2,1 միլիարդ, այս տարի՝ 5,6 մլրդ դրամ։
Օրենսդրական փոփոխության արդյունքում՝ մեխանիկորեն ավելացել են նաև սոցիալական վճարները. առաջին եռամսյակում՝ շուրջ 4 մլրդ դրամի չափով։ Աճը պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակային հիմնադրամներին կատարվող վճարումներում պետության մասնակցության չափը նվազել է, աշխատողներինը՝ ավելացել։ Նախկին 2,5 տոկոսի փոխարեն՝ հիմա աշխատողները վճարում են 3,5 տոկոս։ Սա էլ դարձել է հարկային եկամուտների աճի պատճառներից մեկը։
Քանի որ խոսքը բյուջեի եկամուտներին է վերաբերում, տեղին է ևս մի հիշեցում անել. երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է առաջին եռամսյակի մուտքերի պլանը 22 միլիարդով գերակատարելու մասին, չնայած հայտնի է, որ դա գերազանցապես պլանի ցածր նշաձող սահմանելու արդյունք է, թողի բարի լինի նաև ասել, թե ինչ վիճակում է ծախսերի կատարողականը։
Ծախսերը, ինչպես միշտ, թերակատարվել են. առաջին եռամսյակում թերակատարումը կազմել է 13,3 տոկոս։
Նախատեսված էր կատարել 467 մլրդ դրամի ծախս, կատարվել է 405 միլիարդը։
Թերակատարումը շատ ավելի մեծ է կապիտալ ծախսերի դեպքում։ Այն անցնում է 24 տոկոսից։ Արտաքին աղբյուրների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը պակաս են կատարվել 57 տոկոսով։
Այնինչ՝ բյուջեի ծախսերի կատարումը պակաս կարևոր չէ, քան եկամուտներինը։ Գումարները, որոնք պետք է ուղղվեն տնտեսական ծրագրերի իրականացմանը և տնտեսական ակտիվության խթանմանը, չեն ծառայում իրենց նպատակին։ Ու դրա մեղավորը կառավարությունն է, որը չի կարողանում ժամանակին իրականացնել նախատեսված ծախսերը. կապ չունի՝ դրանք կլինեն ներքին, թե արտաքին միջոցներով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ