«Պատմության ողջ ընթացքում հայ ժողովրդի քաղաքական վաճառականությունը առաջին հերթին վաճառքի է հանել իր զինվորներին՝ փրկելու սեփական շապիկն ու ունեցվածքը»․ Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ ուշադրությամբ եմ հետևում Հայաստանի ընթացքին և կրկին համոզվում, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում որևէ սխալ տեսակետ չեմ հայտնել։
Արդեն 2000թ․ Լոնդոնում վերահաստատվեցի իմ այն համոզմունքի մեջ, որ հայ ժողովրդի ինքնության հիմքում ընկած են կեղծ ու ներմուծված առասպելները։ Այդ առասպելների վրա էլ կառուցված է քաղաքական վաճառականությունը։
Բյուր ու սպանիչ առասպելների ուղղեկցությամբ էլ ոչնչանում են ազգերն ու ժողովուրդները։ Չեմ զարմանում նաև այն փաստի վրա, որ գալով իշխանության Ադոլֆ Հիտլերը և նացիոնալ-սոցիալիստների գաղափարախոսները հայ ժողովրդին ընդգրկեցին ստորին ռասաների մեջ՝ գնչուների հետ միասին, որոնց ֆիզիկական գոյությունը անցանկալի էր։
Հետագայում, սակայն, քաղաքական նկատառումներից դրդված հայ ժողովրդին դուրս մղեցին այդ ցուցակից։ Բայց միայն՝ քաղաքական։
Հարցնում են, ինչո՞ւ է բնակչությունն այդքան անտարբեր թյուրքիզմի Հայաստան ներթափանցմանը։ Պատասխանը նույնն է՝ քանի որ բուտաֆորիայի վերածված հասարակության համար միևնույնն է, թե ով է իր հագից հանելու վերջին շապիկը՝ թուրքը, թե՞ հայ օլիգարխն ու քաղաքական վաճառականը։
Ընդ որում, պատմության ողջ ընթացքում հայ ժողովրդի քաղաքական վաճառականությունը առաջին հերթին վաճառքի է հանել իր զինվորներին՝ փրկելու սեփական շապիկն ու ունեցվածքը։ Այդ շապիկը, սակայն, կրկին դարձել է օտարի սեփականություն։ Այդ սեփական շապիկն էր, որ կործանեց հայ ժողովրդին»։