«Մենք չունենք քաղաքական ամբիցիաներ՝ վասն հայրենյաց». Դավիթ Հարությունյանը «Պատիվ ունեմ» դաշինքի՝ այլ առողջ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին
Այսօր ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական հուշագիր ստորագրեցին, իսկ արարողության ավարտից հետո «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց դաշինքի կարգախոսն ու պարզաբանեց այն ընտրելու նշանակությունը, ապա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Դավիթ Հարությունյանի մեկնաբանությամբ՝ ճիշտ մոտեցում է այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են գնում պայքարի, դա չի նշանակում ուժերի փոշիացում: Պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին միասին գնալու առաջարկի մասին հարցին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ թեև շատ գեղեցիկ է հնչում, սակայն ռեալ պոլիտիկի տեսանկյունից որդեգրած մոտեցումը շատ ավելի արդյունավետ է:
«Պատրաստ ենք համագործակցելու բոլոր համախոհ քաղաքական ուժերի հետ, ում հետ մենք տեսնում ենք, որ ունենք ընդհանուր մոտեցումներ՝ նույն նպատակին հասնելու համար: Մենք ոչինչ չենք բացառում: Մենք միայն բացառում ենք աշխատանքն այն ուժերի հետ, որոնք կեղծ ընդդիմություն են, ստեղծված են իշխանության կողմից, որպեսզի փոշիացնեն ընդդիմության ձայները»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե ինչու չեն համագործակցել Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքի հետ, Հարությունյանն այսպես պարզաբանեց.
«Մեր նպատակները նույնն են, ինչպես արդեն նշեցի՝ անվտանգ և զարգացող Հայաստան: Մենք բոլորս գիտակցում ենք, որ միակ միջոցը նպատակին հասնելու՝ դա այս ազգակործան իշխանությունների հեռացումն է: Այնուամենայնիվ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք համագործակցում: Մենք համագործակցելու ենք, ուղղակի առաջարկել ենք ընտրողներին նաև այլընտրանք: Այս պահին խնդիրը մեկն է՝ միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն»:
Հարությունյանը նաև չբացառեց հաջորդ խորհրդարանում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:
«Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժերի հետ, որոնք հետապնդում են նույն նպատակը. անվտանգ դարձնել Հայաստանը և զարգացնել այն: Ո՞ւմ հետ կկազմվի կոալիցիա՝ կախված է, անշուշտ, ընտրությունների արդյունքից: Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ մենք չունենք քաղաքական ամբիցիաներ՝ վասն հայրենյաց»,- ասաց նա:
«Պատվի ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ այժմ մշակվում են լուրջ, իրական ծրագրեր, որոնք թույլ են տալու զարգացնել երկիրը: Ինչ վերաբերում է ընտրական ցուցակին, ապա Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դաշինքը ցուցակը կհրապարակի շատ շուտով, և, որ այն կազմվել է՝ հիմք ընդունելով արդյունավետությունը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում