Հիմա ուշագնաց ենք… Երբ մարդ է մահանում, կամ կորուստ ես ունենում՝ այդ պահին ողբում ես, ու քեզ թվում է, թե անցավ, բայց հետոն ավելի բարդ է. Անի Պետրոսյան
Պատերազմից հետո փոխվում է ամեն ինչ՝ արժեքներ, աշխարհայացք, առաջնահերթություններ: Իսկ ինչպե՞ս են փոխվում արտիստները, ինչպե՞ս են իրենց մեջ ուժ գտնում ստեղծագործելու և առաջ ընթանալու, «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ու պարզել ենք դերասանուհի Անի Պետրոսյանի հետ:
Ես չեմ մոռանում ու չեմ մոռանալու ոչինչ
Հաղթահարելը սխալ տերմին է. ես չեմ մոռանում ու չեմ մոռանալու ոչինչ՝ ոչ 5000 տղաների կորսված կյանքերը, ոչ էլ Արցախի կորուստը։ Ուղղակի մարդկային հոգու մեխանիզմն է էդպիսին, շարունակում ես ապրել, հոգուդ մի մասը պոկված, ավելի զգույշ, ավելի անհավատ, քան առաջ էիր, բայց և ավելի ուժեղացած, որ էլ ոչ մի թանկ բան քեզնից չխլեն…
Իսկ հիմա… Հիմա ուշագնաց ենք…
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շատ փոքր էի, ու շատ է տպավորվել մի բան, որ մեր տանը բոլորը՝ չնայած ծանր վիճակին, այդ օրերին հավատով էին լցված, որ հաղթելու ենք։ Էդպես էլ եղավ… Մորս եմ հիշում, ինձնից փոքր էր այդ ժամանակ, երբ հեռուստացույցով մի օր հերթական անգամ լսվեց երաժշտությունը («Ինչու է աղմկում գետը») ֆիլմից, ուշագնաց եղավ։ Ուշագնաց եղավ, որովհետև սերն էր շատ հայրենիքի հանդեպ, ցավը հավատով խառնված։
Իսկ հիմա… Հիմա ուշագնաց ենք… Երբ մարդ է մահանում, կամ կորուստ ես ունենում, էդ պահին ողբում ես, ու քեզ թվում է, թե անցավ, բայց հետոն ավելի բարդ է… Հոգում ամեն կորուստ իր հետքն է թողնում, ու հետո պատեհ-անպատեհ՝ ցավն ինքնուրույն գլուխ է բարձրացնում…
Արտիստը ներկայացմանը կարող է չներկայանալ մի դեպքում, եթե նա մեռած է…
Ստեղծագործողը նորից իր գործով է զբաղվում, որովհետև այլ բանով զբաղվել չի կարող։ Գուցե այլ կերպ, գուցե ավելի հասուն, գուցե ո՛չ։ Ես գնահատական տալ չեմ կարող։ Գուցե գործը փոքր-ինչ այլ բան քեզնից պահանջի անել, տարբեր այն բանից, ինչ քո հոգում է այդ պահին։ Ես միշտ ասում եմ՝ արտիստը ներկայացմանը կարող է չներկայանալ մի դեպքում, եթե նա մեռած է… Այլ պատճառներ չեն ընդունվում։
Ուժեղ ու հոգուց ծնված արժեքներ, միևնույն է, լույս աշխարհ կգան
Կապրենք՝ կտեսնենք։ Երևի ուժեղ գործեր կծնվեն։ Աստված տա… Դարն է փոխվել, վերջինն առաջնային է դառել, իսկ առաջնայինը՝ վերջինը…
Արժեքներ են խարխլվել…
Բայց մի բան կասեմ՝ ուժեղ ու հոգուց ծնված արժեքներ, միևնույն է, լույս աշխարհ կգան, ու էդ լույսն ու ճշմարտությունը կփոխանցվի հաջորդ սերունդներին, որովհետև իսկականը երբեք չի մեռնում, այն հավերժ է։
Հենց դու ես այն մարդը, որն ապագան կփոխի
Երիտասարդները գուցե հուսահատված են, գուցե ապագան այնքան էլ պարզ չի, և դա է պատճառը։ Բայց հավատալ է պետք, ու սա զուտ հորդոր ու բառեր չեն, երբ սիրածդ գործով ես զբաղվում, երբ ազնիվ ես ինքդ քո ու քո գործի առջև, շատ բան է փոխվում։ Ինքնակրթվել է պետք, ինքնակրթվել և հավատալ, ինչո՞ւ ոչ, նաև հասկանալ, որ գուցե հենց դու ես այն մարդը, որն ապագան կփոխի։ Ամեն բան մեր ձեռքերում է։ Մենք պետք է կերտենք մեր ապագան և այն հայրենիքը, որում մենք կուզեիք ապրել։ Որ մեծ հասակում հիշեն, թե ինչ են տվել հայրենիքին, և ո՛չ թե՝ ինչքանով են վաճառել այն, ինչ-որ կիսատ-պռատ վայրկենական հաջողության համար։
Ամեն դեպքում մենք լավ երիտասարդ սերունդ ունենք, հավատացե՛ք, նրանք շատ ավելի լավն են, քան շատերը պատկերացնում են։
Շատ ավելին կասեի, բայց…
Այս պահին ես պետություն-ստեղծագործող կապը չեմ տեսնում։ Շատ ավելին կասեի, բայց զուսպ լինելն այս պահին ավելի առաջնային եմ համարում։
Ու քանի որ ինձ խոսելու հնարավորություն է ընձեռվել, շատ կուզեմ մի բան ասել
Ստեղծագործողն ամեն տեղ էլ ստեղծագործում է, քանզի առանց դրա ապրել չի կարող։ Հայաստանում էլ նույնն է։ Քո երեխան է, լավն է, թե վատ, որտեղ է ծնվել՝ կարևոր չի, կարևորը՝ սիրուց ծնվի։
Ու քանի որ ինձ խոսելու հնարավորություն է ընձեռվել, շատ կուզեմ մի բան ասել։
Ընդունեք պատվիրանի պես՝
մի՛ անիծեք իրար
մի՛ սպառնացեք
մի՛ վիրավորեք
մի՛ ստորացրեք
մի՛ ատեք…
Ամեն բան հետ է վեադառնում… Հավատացե՛ք։
Միասնական լինելը՝ ազգի, ստեղծագործելու, ապագա կերտելու համար ամենակարևոր պայմանն է։
Սիրենք իրար, շա՜տ սիրենք։
Թույլին ու տկարին օգնեք՝ ո՛չ վիրավորելով, ո՛չ անպատվելով, ո՛չ պառակտելով…
Խելացի լինենք, հանդուրժող…
Սերն է կարևոր։
Սերը ամեն վերք բուժում է, ամեն կոտրված բան կպցնում է, հույս է տալիս ու ուժ, որն էլ օդ ու ջրից շատ է մեզ պետք այսօր։
Ու մի բան էլ՝ խոնարհումս բոլոր զոհված տղաների առաջ, նրանց ընտանիքների։ Ոչինչ չի մոռացվելու… Սեր ու խաղաղություն բոլորիս։
Անի Գաբուզյան