«Ես անում եմ իմ գործը Հայաստանում՝ առանց ակնկալիքների». Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը. Հասմիկ Սիմոնյան
Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան շրջանը, ինչպե՞ս շարունակել ստեղծագործելը: Այս ու այլ հարցերի վերաբերյալ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի հետ:
Ավտոպիլոտի ռեժիմով կյանք
Չի գրվում: Չի հաղթահարվում: Ավտոպիլոտի ռեժիմով կյանք: Ահա, թե կարճ ոնց կնկարագրեմ էս շրջանը: Դա էն վիճակն է, երբ անում ես բաներ՝ առանց լիովին գիտակցելու, սովորույթի համաձայն: Արթնանալ, նախաճաշել, սրճել, հագնվել, գնալ աշխատանքի նույն ճանապարհով, ընդմիջել սովորույթի համաձայն նույն վայրում, նույնը՝ առանց մտածելու, սովորականի պես: Էս նույն սկզբունքն է գործում, ի դեպ, երբ գեներացվում են նույն մտքերը, նույն հագուստն ու սանրվածքը, նույն պահվածքը: Առանց մտածելու կրկնել: Որովհետև էդպես հեշտ է: Որովհետև էդպես ինքդ էլ մեռած ես մի քիչ ու որովհետև էդպես չի ցավում: Կամ քիչ է ցավում:
Պարտությունը չի գիտակցվում
Առաջին պատերազմի մասին անձնական հիշողություններ չունեմ, միայն պատառիկներ դասագրքերից, մի քանի գրական գործ ու չգիտակցված մի կույտ բառեր հաղթանակի մասին, որ չէին քննարկում ու խոսում, ոնց որ հիմա պարտությունը չի գիտակցվում, այլ քարշ է գալիս ստվեր-լեշի պես մեզ հետ՝ որպես անխուսափելի իրողություն, բայց ոչ դիահերձում է արվում՝ հասկանալու մահը, ոչ էլ կարող ես կտրել-գցել մի կողմ:
Ցանկությունը արթնանալու ու արթնացնելու, անելու մեծ թափով, քան առաջ
Անպետքության զգացումը՝ չլքող: Բոլորի անունից չեմ խոսում, այլ իմ: Ու նաև ցանկությունը արթնանալու ու արթնացնելու, անելու մեծ թափով, քան առաջ:
Թեման եռման է շատ, կպնել չի լինում, չեմ դիմանում
Խոսել աղետի մասին հիմա, երբ աղետի խառնարանում ենք, ինձ մոտ չի ստացվում, թեման եռման է շատ, կպնել չի լինում, չեմ դիմանում, բայց աղետը՝ մի կողմ: Հայ ստեղծագործողի լեզուն հայերենն է: Հայերենը չունի, դիցուք, անգլերենի սփռվածությունը: Անգլերենն ինքնին գերտերություն է: Իմ սիրելի Էկոն, խոսելով Կարիերի հետ լեզվի շուրջ, մի դիտարկում է անում, թե կա՞ բուլղարացի մեծ գրող, ասենք, Շեքսպիրի պես, ու նկատում, որ Շեքսպիրի մեծությանը նախևառաջ նաև լեզվի «մեծությունն» է գումարվում:
Հուսահատությունը կենարար ոչինչ չունի իր մեջ
Առանձնապես ուրախանալու օրեր չենք ապրում, գերիներ ունենք, դեռ չճշտված զոհերի անուններ և անմեղսունակությանը մոտեցող քաղաքական ամբարտավան կեցվածք: Ես ինքս չգիտեմ ոնց վարվել, բայց հասկանում եմ, որ հուսահատությունը կենարար ոչինչ չունի իր մեջ, հեշտ դիրքորոշում է, հին հնդկացիներն ասում են՝ հոսանքին զուգահեռ՝ մեռած ձկներն էլ կարող են լողալ: Հուսահատությունը զուգահեռ հոսանքից շատ չի տարբերվում: Ես ինքս աշխատում եմ, շատ, առանց ձեռքերը ծալելու, առանց նվնվալու, գլխիս գալիքը չիմանալով:
Մեր պետությունը երբեք լավագույն գործընկերը չի եղել
Որպես բանաստեղծ՝ ես չեմ համագործակցում պետության հետ: Մեր պետությունը երբեք լավագույն գործընկերն ու աջակիցը չի եղել, ունեցածս փորձառությունից էլ հիշվում է թղթաբանությունը՝ մեծավ մասամբ անհեթեթ ու ժամանակատար:
Ես անում եմ իմ գործը Հայաստանում՝ առանց ակնկալիքների
Ստեղծագործողի ապագան այժմ և միշտ եղել է նույնը՝ եղունգ ունես, գլուխդ քորի: Ես անում եմ իմ գործը Հայաստանում՝ առանց ակնկալիքների: «Տեքստ հարթակ» կայքի խմբագիրն եմ ու հիմնադիրը, զուգահեռ՝ գործընկերոջս հետ համատեղ աշխատում ենք «Կանայք, որ փոխեցին աշխարհը» մատենաշարի երկրորդ հատորի՝ «50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի շուրջ: Գրքում ներկայացնում ենք հայ հանրությանն անհայտ տասնյակ անուններ, որ իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են եղել, իսկ շատ հաճախ էլ դարձել են առաջինները՝ առաջին կին դեսպանը աշխարհում (Դիանա Աբգար), առաջին կին օվկիանոսագետը Ֆրանսիայում (Անիտա Կոնտի-Կարագյոշյան), առաջին կին լուսանկարիչը Թուրքիայում (Մարիամ Շահինյան), առաջին ու միակ կին ավիակոնստրուկտորը ԽՍՀՄ-ում (Ելիզավետա Շահխաթունի) և այլք: Նրանք իրենց մասնագիտական հմտությունների ու աշխատասիրության շնորհիվ փոխել են հնացած ու կարծրատիպային մտածելակերպեր, համառել են, արգելքների առաջ կանգ չեն առել, խիզախել են, ստեղծել ու… մոռացվել հայ հանրության կողմից: Էս պահին ինձ ոգևորողն ու ուժ տվողը հենց այս հայ կանայք են, նաև հա մտքումս է մամայիս սիրելի դերասանուհին՝ «Քամուց քշվածների» Սկարլետ Օ՛հարան, որ ամենանեղ պահերին կրկնում էր միշտ. «Ես այսօր լացելու չափ տխուր եմ, բայց դրա մասին կմտածեմ վաղը, հիմա պետք է գործել»:
Անի Գաբուզյան