Բաժիններ՝

Ինչպե՞ս է ազդել պաշտոնյաների պատվաստվելու օրինակը հանրության վրա

Վերջին շրջանում հայտնի մարդիկ և պաշտոնյաները հանրայնացնում են   կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստվելու փաստը՝ լուսանկարներով կամ տեսանյութերով:  Որքանո՞վ է նրանց օրինակը վարակիչ մեր մյուս հայրենակիցների համար: Առողջապահության  նախարարի խոսնակ  Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ակտիվություն նկատվում է:

«Այսօր, օրինակ, նախարարի առաջին մարզային այցն էր, Արագածոտնի մարզ գնացինք, բավականին ակտիվ էր, Երևանում էլ ակտիվություն կա: Հիմա մարզային այցեր ենք անում՝ իրավիճակն ավելի լավ գնահատելու, խնդիրներին տեղում ծանոթանալու համար, հարցերին պատասխանելու հնարավորություն ենք ստեղծում: Եթե առաջին օրերի հետ համեմատենք, թեկուզ առաջին  5-6 օրերի հետ, դրանից հետո ակտիվությունը միանշանակ տեսանելի է»,- ասաց Խաչատրյանը:

Մեր հարցին, թե Հայաստանում քանի՞ պատվաստված քաղաքացի կա, Առողջապահության  նախարարի խոսնակը պատասխանեց.

«Հայաստանում պատվաստումների մեկնարկից՝ մայիսի 3-ը ներառյալ, 4786 պատվաստում է իրականացվել: Մարդիկ եթե ռիսկ են տեսնում պատվաստվելու մեջ, տեսնում են,  եթե պաշտոնյան դիմում է այդ ենթադրյալ ռիսկին, ապա այդքան էլ ռիսկի մասին չէ խոսքը»:

Ապրիլի 26-ին ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր 2200 քաղաքացի, ստացվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվողների թիվն աճել է 2586-ով: Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ պատվաստվողների թվի աճի վրա ազդել է նաև «AstraZeneca»-ով պատվաստման ազատականացումը: Սկզբնական շրջանում որոշվել էր, որ «AstraZeneca»-ով կարող են պատվաստվել միայն 55-ից բարձր տարիքային խմբի ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները, հետո հայտարարվեց, որ ցանկության դեպքում «AstraZeneca»-ով պատվաստվելու հնարավորություն կստանան նաև 18-54 տարեկան քաղաքացիները, որոնք ռիսկային խմբում չեն:

Հռիփսիմե Խաչատրյանը նաև նշեց, որ արդեն ՀՀ-ում է կորոնավիրուսի դեմ չինական «Կորոնավակ» պատվաստանյութը, որը, սակայն, դեռևս չի հասել պոլիկլինիկաներ: Դրա օգտագործումը ևս ազատականացված է լինելու:

Հիշեցնենք՝ երեկ պատվաստվել են նաև Նիկոլ Փաշինյանը և իր կինը՝ Աննա Հակոբյանը: Չնայած Փաշինյանը չէր հայտնել, թե ի՞նչ պատվաստանյութով է պատվաստվել, լրատվականներից մեկը պարզել էր, որ դա եղել է ռուսական «SputnikV»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս