«Բանակն ու Հայ Առաքելական եկեղեցին պետք է կոչով հանդես գան. դրանից 2 ժամ անց Փաշինյանը փախչելու է». Արթուր Համբարձումյան

«Համաշխարհային պատմության մեջ Հայաստանն այն եզակի պետությունն է, որտեղ տեղի է ունեցել սոսկալի արհավիրք, երկիրը մտցրել են դավադիր պատերազմի մեջ, որտեղ մոտավորապես երկրի  մեկ քառորդը տրված է թշնամուն, և կան հազարավոր զոհեր, և այդ պայմաններում ոչ միայն պատրաստվում են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլև ընտրությունները կազմակերպելու իրավասությունը տրված է այն մարդուն, ում գործողություններն ուղղակի դավաճանական են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը՝ ընդգծելով, որ դեմ է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին:

Նա նկատեց, որ եթե ընդդիմությունը պայքարում է գործող իշխանության դեմ, իր զինանոցում եղած ամեն ինչ օգտագործում է, բայց այլևս իշխանություններից ազատվելու ոչ մի ուրիշ հնարավորություն չկա, և հույսները կորցրած ասում են՝ եկեք՝ մի հատ էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունները փորձենք, դա մի իրավիճակ է. «Բայց երբ 3-4 ամիս կա ընտրություններին, և ընդդիմությունն ամբողջությամբ վայր է դնում իր զենքերը և պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը պետք է կազմակերպի մարդ, ում գործողությունները դավաճանական են, սա սոսկալի գործողություն է, որը պլանավորում է Փաշինյանը, և որին ուզում է տուրք տալ ընդդիմությունը: Այն ամենը, ինչ կար Փաշինյանի դեմ, չօգտագործվեց»:

Արթուր Համբարձումյանը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանից ազատվելու իր տարբերակը. «Բանակի և Հայ Առաքելական եկեղեցու բարձր դասի ներկայացուցիչները պետք է հանդիպեն, հանդիպումից հետո պետք է հնչի կոչ, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց: Միայն այսպես եմ ես տեսնում այս չարիքից ազատվելը»:

Հարցին՝ դա քաղաքացիական պատերազմի չի՞ հանգեցնի, նա պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, որ քաղաքացիական պատերազմի կարող է հանգեցնել: Ես վստահ եմ, որ այդ երկու ինստիտուտները եթե կոչով հանդես գան, Փաշինյանը 2 ժամ հետո փախչելու է: Վստահաբար, կարող եմ ասել, որ այդ կոչից հետո տասնյակ-հազարավոր մարդիկ դուրս են գալու փողոց, և ուղղակի խենթ պետք է լինեն Ոստիկանությունը կամ ԱԱԾ աշխատակիցները, որ չմիանան այդ մարդկանց կոչին և ժողովրդին: Մի կողմից՝ ֆիզիկական անվտանգություն ապահովող ինստիտուտ, մյուս կողմից՝ հոգևոր շարունակականությունը պահպանող ինստիտուտներ. Այսպես եմ ես տեսնում այս չարիքից հրաժարումը»:

Արթուր Համբարձումյանը դեռևս հույս ունի, որ ընտրություններ չեն անցկացվի. «Այնտեղ կան հրամանատարներ, որոնք իմ աչքի լույսը չեն, օրինակ՝ Բուդաղյան Արտակը կամ Բաղդասարյան Ալբերտը, բայց իրենք ստորագրել են փետրվարի 25-ի հայտարարության տակ, և եթե հանկարծ Փաշինյանն ընտրություններում հաղթեց, նրանց քթից բերելու է։ Այսինքն՝ Բուդաղյան Արտակը՝ իր ընկերների հետ, Բաղդասարյան Ալբերտը՝ իր ընկերների հետ, եպիսկոպոսներն ամեն ինչ պետք է անեն, որ այդ հանդիպումը օր առաջ տեղի ունենա: Նիկոլ Փաշինյանն այդքան ուժ չունի, որպեսզի կարողանա դիմադրել այդ շարժմանը, դա բացառված բան է: Եթե ժողովուրդը դուրս եկավ փողոց, ես վստահեցնում եմ, և՛ ԱԱԾ աշխատակիցները, և՛ Ոստիկանության աշխատակիցները, ովքեր ուղղակի կարծես պատանդ լինեն այս մարդու ձեռքում, կմիանան ժողովրդին: Փաշինյանն այդքան ուժ չունի, որպեսզի կարողանա ուժ կիրառել այդ մարդկանց վրա»:

Նա ընդգծեց՝ ՀՀ-ում 2018թ. ապրիլ ամսից անիշխանություն է. «Լավ է՝ Փաշինյանը 100 տարի այս անիշխանության մեջ մնա երկրի ղեկավար, քան տեղի ունենան ընտրություններ, որոնք նա միանշանակ կեղծելու է՝ օգտագործելով երկու գործիք, և էլի մնա վարչապետի պաշտոնում: Այդ երկու գործիքներն են՝ մեկը Մուկուչյանն է, որին ինքը պահել է, երկրորդ՝ նա նորից շարունակելու է նախկին-ներկա խաղը խաղալ»:

Հարցին՝ արդյո՞ք նախկիններին դեմոնիզացնելու փաշինյանական գործելաոճն աշխատելու է, նա պատասխանեց. «Եթե Փաշինյանն այդ տրյուկն աներ նոյեմբերի 10-ին, տալու էին սատկացնեին, բայց եթե այդ տրյուկը անի հիմա, կասկածներ ունեմ, որ կարող է աշխատել: Եվ ովքե՞ր են այսօր այն մարդիկ, որոնք պատրաստվում են Փաշինյանին ձայն տալ. Դրանք այն մարդիկ են, որոնք ասում են՝ եթե հունիսի 20-ին ընտրություններ լինեն, կընտրենք Փաշինյանին, իսկ հունիսի 22-ին տեղափոխվելու ենք Պսկով կամ Վորոնեժ: Սրանք այն մարդիկ են, որոնք բացարձակ իրենց ապագան չեն կապում Հայաստանի հետ: Դա Փաշինյանն էլ գիտի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս