Նոր խայտառակություն ՀՊՏՀ-ից. Դիանա Գալոյանը թաքցնում է բուհի աշխատավարձերը
Այնքան ապօրինություն, որ վերջին 2 տարվա ընթացքում կատարվել է Տնտեսագիտական համալսարանում, թերևս չի կատարվել երբևէ որևէ պետական հաստատությունում: Սակայն, այս մեկն աչքի է ընկնում իր հատուկ ցինիկությամբ և շարունակվող անպատժելիության հետևանք է:
Քանի որ հայտնի է, որ ՀՊՏՀ-ում արհեստական հաստիքներ են բացվել՝ ուռճացված աշխատավարձերով, որոնք տրվել են հեռացված փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմներին, պաշտոնական հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տրամադրել «ՀՊՏՀ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքների վարձատրության դրույքաչափերը:
Դիանա Գալոյանը, երկար մտածելուց և օրենքով սահմանված ժամկետները խախտելուց հետո, ի վերջո հրաժարվեց տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ հորինելով, թե դա «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»:
Հիշեցնենք, որ ամբողջ պետական կառավարման համակարգում բոլոր հաստիքների դրույքաչափերը հստակեցված են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Փաստորեն, Դիանա Գալոյանի «հանճարեղ» տրամաբանությամբ այդ օրենքը խախտում է մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը և հակասահմանադրական է:
Այժմ դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի Դիանա Գալոյանին պարտադրի կատարել օրենքի պահանջը, տրամադրել դրույքաչափերը և պատասխանատվության ենթարկի օրենքի պարտադիր պահանջը դիտավորյալ չկատարելու համար:
ՀՊՏՀ Ուսանողներ