Բաժիններ՝

COVID-19-ի զոհերի թիվը Բրազիլիայում գերազանցել է 400.000–ը

Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեց կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից մահացել է ավելի քան 400 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: Նրա տվյալներով՝ ապրիլի 29-ի դրությամբ ինֆեկցիայի զոհերի թիվը հասել է 401 հազարի:

Բրազիլիան COVID-19-ից մահվան դեպքերի թվով երկրորդ երկիրն է դարձել ԱՄՆ-ից հետո, որտեղ մահացել է ավելի քան 574 հազար մարդ: Բրազիլիան ջանքեր է ներդնում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համակարգի կարգավորման համար, սակայն ներկա դրությամբ, ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, պատվաստում է ստացել երկրի չափահաս բնակչության 6 տոկոսից պակաս մասը:

Ինչպես հաղորդվել է, ավելի վաղ Բրազիլիայի Սանիտարական հսկողության ազգային գործակալությունը (Anvisa) մերժել է երկրի 14 նահանգների ղեկավարների՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծման հնարավորությունը քննարկելու պահանջները: Որոշումն ընդունվել է այդ կարգավորիչ գերատեսչության կառավարման բոլոր անդամների կողմից: Այն հիմնավորել են իրենց տրամադրության տակ եղած ոչ բավարար քանակությամբ անհրաժեշտ տվյալներով: Ռուսաստանի Գամալեյայի անվան կենտրոնը պատվաստանյութի նկատմամբ բրազիլական կարգավորիչի նկրտումները հերքել է որպես գիտական հիմնավորում չունեցող:

«Սպուտնիկ V»-ի թիմը քննարկել է տեխնիկական խնդիրները, որոնք Anvisa-ի կառավարման անդամների կողմից բարձրացվել են ապրիլի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և ցուցադրել, որ այդ մեղադրանքները չունեն գիտական հիմնավորումներ և չեն կարող լուրջ համարվել գիտական հանրակցության ու միջազգային կարգավորիչ մարմինների շրջանում»,-ասվում է կենտրոնի հայտարարության մեջ, որը ապրիլի 28-ին հրապարակվել է պատվաստանյութի կայքում:

Նրանում նշվում է, որ «Սպուտնիկ V»-ի հաստատումը հետաձգելու» բրազիլական կարգավորիչի որոշումը, ցավոք, քաղաքական բնույթ է կրում: Ապրիլի 29-ին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարել է, որ Anvisa-ին դատի կտա պատվաստանյութի մասին ստահոդ տեղեկատություն տարածելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս