Չինաստանն օրենք է ընդունել սննդամթերքի վատնողության դեմ պայքարելու մասին
Չինաստանի խորհրդարանն ապրիլի 29-ին հավանություն է տվել սննդամթերքը վատնողաբար օգտագործելու դեմ պայքարի օրենքին։
Օրենքն ընդունվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի՝ երկրի բարձրագույն օրենսդրական մարմնի մշտական կոմիտեի նստաշրջանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով եւ ուժի մեջ է մտնում այսօրվանից: Չինաստանում ավելի վաղ կառավարության համար մշտական մարտահրավեր է եղել այն հարցը, թե ինչպես կերակրել հսկայական բնակչությանը: Այդ խնդիրը հաջողվել է լուծել, այժմ իշխանություններն զբաղվել են սննդամթերքի՝ մեծ չափերի հասնող վատնողաբար օգտագործման դեմ պայքարով: ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինպինը հայտարարել է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության դրսեւորումը սարսափեցնում ու վրդովվեցնում է», եւ կարգադրվել է բնակիչների շրջանում չափավորություն պրոպագանդել ուտելիքի հարցում: ՉԺՀ-ի նախագահը հորդորել է մարդկանց մոտ ամոթի զգացում մշակել «պարենամթերքի վատնողության համար եւ հպարտություն՝ խնայողության համար»:
Սի Ծինպինի հրամանագրից հետո Չինաստանում գործարկել են «Մաքուր ափսե» ակցիան, որին արդեն միացել են միլիոնավոր մարդիկ:
Սոցցանցերում օգտատերերը դատարկ ափսեներով լուսանկարներ կամ տեսագրություններ են փոխանակում, ցույց տալով, որ ամբողջ ուտելիքը կերել են: Չինաստանում օրական շուրջ 35 մլն տոննա պարենամթերք էր թափվում՝ չհասնելով սպառողներին: Չինաստանի 500 քաղաքներից յուրաքանչյուրում օրական միջին հաշվով արտադրվում է շուրջ 50 տոննա սննդաթափոն: Նախնական հետազոտության համաձայն, Պեկինում, Շանհայում, Չենդուում եւ Լխասում մեկ տարում միջին հաշվով դեն է նետվում 17-18 տոննա պարենամթերք, որով կարելի կլիներ մեկ տարի կերակրել 30-50 միլիոն մարդու: Չինաստանում կերակրի թափոնների խոշոր աղբյուրներից մեկը հանդիսանում են կորպորատիվները: Չինական ռեստորաններում ընդունված է մեծ բաժիններով բազմազան ճաշատեսակներ պատվիրել, այլ ոչ թե յուրաքանչյուրի համար առանձին. եթե ուտելիքը մնում է, ապա այն տանում են իրենց հետ:
Այլ իրադրություն է ճաշկերույթներում: Որպես կանոն, այդ միջոցառումների ժամանակ մարդիկ անհարմար են զգում ուտելիքն իրենց հետ տանել, թեեւ այն մնում է շատ մեծ քանակությամբ: Չինաստանի իշխանություններն առաջին տարին չէ, որ զբաղվում են այդ հարցով: Չնայած ձեռնարկվող բոլոր միջոցներին, երկրում վատնողության ֆենոմենը դեռեւս առկա է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: