«Որևէ «կորիդորի» կամ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների, երկաթգծի ճանապարհներ». ԱԱԾ տնօրենի տեղակալ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի խոսքով՝ ոչ միայն Սյունիքում, այլ ողջ բնագծով տեղակայված են և՛ թշնամու, և՛ հայկական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ։
«Այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որն ուղղակի դիրքավորված է՝ ինչպես կայինք, այնպես էլ կանք։ Բայց դրա վերաբերյալ, երկու պետության մեջ, երբ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել և այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այն ժամանակ կմոտենանք դեմարկացիային ու դելիմիտացիային»,- նշեց Ստեփան Մելքոնյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև շեշտեց, որ այս պահին դեռ այդ հարցին չեն հասել՝ դեռևս ուսումնասիրություններ են կատարվում, իսկ որպեսզի ռազմաքաղաքական իրավիճակը երկու կողմից հանդարտվի՝ ամենօրյա աշխատանք է պահանջվում։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ «Մեղրիի միջանցք» ստեղծելու վերաբերյալ, Ստեփան Մելքոնյանն ասաց, որ նա շատ բան կարող է խոսել։
«Միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել։ Գիտեք, որ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակները, որևէ կորիդորի կամ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների, երկաթգծի ճանապարհներ, ոչ թե «կորիդորների» հետ կապված հարցեր»,- նշեց Ստեփան Մելքոնյանը։
Ըստ նրա, այսօր Հայաստանում կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է սահմանի հետ կապված հարցերը, այսինքն՝ տարբեր տարիների քարտեզները, որի հետ համադրում են ՀՀ շահերը, գերատեսչությունների մոտեցումները։