«Սյունիքում  հայհոյանքներն ուղղված էին առաջին հերթին ոստիկաններին». Հովիկ Աղազարյան

Երեկ ադրբեջանցիները բռնել, քաշքշել էին Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովվին, անգամ հարվածել էին աչքին: Լրագրողներն այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ զրույցում, վկայակոչելով այդ դեպքը, ինչպես նաև Սյունիքի մարզի անվտանգային հարցերը, պատգամավորից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք չի կարծում, որ նմանօրինակ դեպքերը կարող են գործող իշխանության նկատմամբ օբյեկտիվ դժգոհության առիթ լինել:

«Օբյեկտիվ դժգոհություն ասած եզրույթը շատ դժվար է չափել: Իհարկե, կան անհանգստություններ: Բնականաբար, կան բազմաթիվ սյունեցիներ, որոնք անկեղծ իրենց անհանգստությունն են հայտնում որոշ գործընթացների հետ կապված: Կան շատ-շատերը, որոնք չարաշահում են այդ ամեն ինչը, օգտագործում են քաղաքական նպատակներով: Ամեն տիպի դրսևորումներ էլ կա: Եվ հետևաբար՝ իշխանությունները ոչ թե պետք է այս կամ այն դրսևորմանը ինչ-որ արձագանքով հանդես գան, այլ պետք է շարունակեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները, որպեսզի ապահովեն հայրենիքի մեր այդ հատվածում բնակվող քաղաքացիների անվտանգությունը բոլոր առումներով: Եվ հետևաբար, առանձնացնելու որևէ կոնկրետ խնդիր ես չեմ գտնում, որ այդքան էլ տեղին կլինի: Այդ մեր հայրենակիցը, որի նկատմամբ տեղի է ունեցել նմանատիպ երևույթ, բնականաբար, համապատասխան մարմինները պետք է հանդես գան դիրքորոշմամբ և այդ խնդիրները լուծեն: Այդպիսի դեպքեր կարող են և հետագայում էլ լինեն: Չպետք է ամեն նման դեպքերից, ինչ ասեմ, նման դեպքերն օգտագործենք տարբեր նպատակներով: Պետք է օգտագործենք հենց այդ տվյալ քաղաքացու և մեր քաղաքացիների անվտանգության աստիճանը էլ ավելի բարձրացնելու անհանգստությամբ էդ հարցին անդրադառնանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը:

Հարցին, թե արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ Սյունիքում կան անվտանգային խնդիրներ, իմքայլական պատգամավորն արձագանքեց.

«Անվտանգային խնդիրներ կան այսօր մեր հայրենիքի ողջ, ողջ, գրեթե ողջ սահմանների երկայնքում, որովհետև մենք գիտենք, թե մենք ինչ երկրներով ենք շրջապատված և ինչ աշխարհաքաղաքական իրողություններում ենք ապրում: Մենք պետք է այսօր լուծենք այսօրվա հարցը, բայց մեծ ծրագրով պետք է գնանք դեպի վաղվա օրը, որպեսզի այդ խնդիրները վաղը չէ մյուս օրը չառաջանան ընդհանրապես»:

Խոսելով ապրիլի 21-ին Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներում Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով դիմավորելու միջադեպերի մասին, Աղազարյանը նշեց, թե չի բացառում, որ Սյունիքում իրենցից իսկապես հիասթափված մարդիկ կան, սակայն, ըստ պատգամավորի, նրանք ուղղակի կեցվածքով են արտահայտել այդ դժգոհությունը:

«Անկասկած կան այնպիսինները, որոնք իրենց բողոքը, երբեմն-երբեմն՝ ցասումը արտահայտում են՝ անկեղծ մղումներից ելնելով, ոչ թե ինչ-որ քաղաքական կամ այլ նպատակներ հետապնդելով, այլ անկեղծ մղումներից ելնելով: Եվ Ձեր նշած այդ դեպքերի ժամանակ շատերը կային այդպիսի մարդիկ, որոնք երևում է՝ եկել էին, մասնակցել էին իրենց դժգոհությունը արտահայտելու: Բայց այս մասը իր դժգոհությունը արտահայտում էր իր հայացքով, իր լռելյայն կեցվածքով: Բայց դրանց բազայի վրա արդեն որոշները, նաև այստեղից գնացած, մենք գիտենք, ճանաչում ենք նաև այստեղից գնացած մարդիկ, դա օգտագործում են քաղաքական դրդապատճառներից ելնելով, որովհետև առաջիկայում արտահերթ ընտրություններ են, իրենք ուզում են մթնոլորտ ստեղծել ոչ միայն Սյունիքում, այլ նաև ամբողջ Հայաստանում փորձելով տարածել այդ ալիքը, մթնոլորտ ստեղծել, որտեղ կկարողանան կյանքի կոչել իրենց համար «հին և բարի» մեթոդները ընտրությունները անցկացնելու իմաստով»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատգամավորը վերաբերվում սյունեցիներին քարշ տալով ՔԿ բերելուն կամ իշխող ուժի ներկայացուցչի հայտարարությանը, թե նրանց պետք է այդ կերպ ստորացնել, Աղազարյանը պատասխանեց.

«Եթե քաղաքացին քայլում է փողոցով, և մի 2-3 խուժան, խուժան բառիս բուն իմաստով, որակական իմաստով իրենց պահում են շատ անհարիր, քաղաքակիրթ մարդուն անհարիր կեցվածքով տվյալ քաղաքացու նկատմամբ, և այնտեղ էլ կան ոստիկաններ, իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, այդ քաղաքացին ի՞նչ կարա անի 3, 4, 5, 10 հոգու նկատմամբ: Ֆիզիկական կամ որևէ այլ ազդեցություն չի կարող ինքը ցուցաբերել, պաշտպանել իրեն նույնիսկ: Հետևաբար՝ այդ խնդիրները պետք է լուծեն ոստիկանները: Հետևաբար՝ այդ հայհոյանքները, որոնք տեղի են ունենում ոստիկանի ներկայությամբ քաղաքացուն ուղղված, շատ ներողություն, չնսեմացնելով ոստիկանների, իրավապահ մարմինների աշխատածը, կատարածը այս դժվար իրականության մեջ, իրենք իրենց բարձրության վրա են գտնվում, բայց այդուհանդերձ այդ հայհոյանքները ուղղված են առաջին հերթին ոստիկաններին:

Հետևաբար, եթե բերման են ենթարկում, իրենք մի հատ «տրապրի» դեմք են ընդունում, որ իրանց կեղեքում են, ճնշում են, քաշում են, տանում են, այդ ընթացքում կարող է մի բան էլ տեղի ունենա, որ, ասենք, ավելի լավ էր տեղի չունենար: Չի բացառվում այդպիսի իրավիճակը: Հո չե՞ն դնելու բամբակների մեջ բերման ենթարկեն: Հետևաբար՝ այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Նսեմացնել բառը ես չէի օգտագործի, բայց խիստ ուժ պետք է կիրառվի, ստորացնել բառը ես չէի օգտագործի, որովհետև դա շատ վիրավորական բառ է, ես կողմ եմ կոշտ, կոշտ մեթոդներին, շատ կոշտ, օրենքով թույլատրված եզրային, կոշտ մեթոդներին»:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ իրեն այդ կերպ էին դիմավորելու: Բայց ասաց, թե վստահ է, որ Սյունիքում կան հազարավորները, որոնք սպասում էին Փաշինյանին: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ այդ հազարավորները դուրս չեկան փողոց ու չասացին, որ ցանկանում են Փաշինյանին տեսնել, պատգամավորն էլի պատասխանը վերագրեց իրավապահներին:

«Եթե իրավապահ մարմինները չգտնվեն իրենց բարձրության վրա, ապա 3, 4, 5 % ագրեսիվ մասսան կուտի 95%-ին: Միշտ բնության օրենքն էլ է այդ ձևի: Կենդանական աշխարհում էլ է այդ ձևի: Ագրեսիվ մասսան կուտի»,- ասաց Աղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս