Ադրբեջանցիները մեր հովիվին բռնեցին, քաշքշեցին, հարվածեցին աչքին. Արավուսի գյուղապետ. «Փաստինֆո»

Սյունիքի մարզի Արավուս գյուղն ունի ավելի քան 170 բնակիչ, որոնք զրկվել են անվտանգությունից, աշխատանքից, գյուղի սեփական արոտավայրերից։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել համայնքի 63 հեկտար հողատարածքը։ Հիմա գյուղի մնացած հատվածը պաշտպանելու խնդիր կա։

Համայնքապետ Արգամ Հովսեփյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ գյուղը պաշտպանում են ժամկետային զինծառայողները, սակայն իրենք դիմել էին աշխարհազոր կազմելու և զենք ստանալու համար, որպեսզի կարողանան զինվորների հետ սահմանը պահել, բայց մերժում են ստացել։

«Խնդրել էինք, վերադասին, որ իմ ջոկատը՝ 33 տղաներից բաղկացած, ընդգրկեն, գրանցեն, օրինական զենքը ստանան, որ պաշտպանենք մեր գյուղը։ Իրենց 13 պոստերից, մեր գյուղի բրիգադը 2 կմ հետ է կանգնած։ Աշխարհազորային չկա, միայն ժամկետային զինծառայողներ են։ Մեր խնդրանքը մերժել են, անձնական պատճառներով, թե ինչպես՝ չգիտեմ։ Մենք խիստ սահմանամերձ վտանգավոր գոտում ենք, այդ իսկ պատճառով 4 ամիս է՝ խնդրում եմ, որպեսզի մեզ ընդգրկեն պետական սահմանի պաշտպանության մեջ՝ մեր գյուղը, տունը պահենք»։

Համայնքապետն ասում է, որ մինչև աշխարհազորայինները չընդգրկվեն, իրենք շարունակելու են վտանգ զգալ։ Չնայած զինվորի ու բանակի ուժին չեն կասկածում, վստահ են, որ կորցրածը հետ են բերելու, բայց հիմա ամբողջական պաշտպանության համար աշխարհազորայինների կարիք ունեն։

«Մեր բանակը հզոր է, բայց այս պահին քիչ են։ Ի՞նչ ենք անում, խանգարո՞ւմ ենք իրենց, գուցե խանգարում ենք դրա համար չեն ընդգրկում։ Ադրբեջանական յուրաքանչյուր պոստում 40 հոգի են, մեր պոստում՝ 7 հոգի»։

Ադրբեջանցիներն արավուսցիների բազկի ուժը գիտեն, ինչպես Հովսեփյանն է ասում՝ իրենց խելոք են պահում, բայց օրեր առաջ ադրբեջանցիները քաշքշել են գյուղի հովիվին, ով անգամ սահմանը չէր անցել։

«Երկու օր առաջ մեր հովիվին բռնեցին, քաշքշեցին, մի հատ աչքին խփեցին։ Հովիվը իրենց պոստից 15 մետր էր հեռու, դա մեր հողն է։ Մեր տղաները զենքերով վազելով գնացել, իրենք հովիվին գցել են ու փախել։ Մեր հովիվը մեր հողի վերջին կետում էր կանգնել, GPS—ով էր նայել, հովվին ասել են՝ «100 մետր հեռու մնա»։ Այդ 100 մետր հեռուն արդեն էնպես է ստացվել, որ անասունն էլ չենք կարող պահել»։

Արավուսի դիրքերը ադրբեջանական դիտակետից հետու են 100, 200, 500 և 450 մետրով։ Իսկ անասնապահների, ովքեր կենդանիներին արածացնելու են տանում, կանգնում են թշնամուց մեկ մետր հեռավորության վրա։ Հիմա գյուղում 25-30 հա քարքարոտ արոտ է մնացել։ Գյուղացիներն արդեն մի քանի տասնյակ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են վաճառել՝ արոտավայր չունեն։

«Անասունները բոլորը վաճառել են, մի մասը անվճար տվել են։ Մենք արոտ չունենք։ Գյուղի սեփական վկայականով՝ մեր 63 հա ցանած հողը այս պահին թուրքի ձեռքն է։ GPS-ով եկել մեզ հետ են տվել, չեմ իմանում ինչ պատճառով, մենք փոքր գյուղ ենք ՝ 40 տնտեսություն, 178 բնակիչ ունեցող գյուղի համար դա մեծ բան է։ Երևանը չէ, որ ասես 62 հա է էլի»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս