«Ես պատրաստվում եմ բեմ բարձրանալ մայիսի 7-ին»․ Հրանտ Թոխատյանը՝ իր ներկայացումը չեղարկելու լուրերի մասին
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը զանգահարել է Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին դերասան Հրանտ Թոխատյանի «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման համար՝ պահանջելով հանել խաղացանկից ներկայացումը՝ սպառնալով, թե քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումից զրկել: Ըստ այդ հրապարակումների՝ փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին:
«Ես պատրաստվում եմ բեմ բարձրանալ մայիսի 7-ին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Թոխատյանը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ԿԳՄՍՆ-ն կարող է երբևէ նման քայլ անել, Հրանտ Թոխատյանը պատասխանեց․ «Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև նախարարության հետ ընդհանրապես կապ չունեմ։ 1990 թվականից աշխատել եմ մասնավոր թատրոնում, դրա համար, թե ինչ են որոշում, ինչ են անում՝ չգիտեմ, ինձ առանձնապես չի հետաքրքրում։ Ներկայացումը, բացի մայիսի 7-ից, լինելու է նաև մայիսի 8-ին, 11-ին և 12-ին»։
Tert.am Life–ն ավելի վաղ զրուցել է Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանի հետ, ով ասել է, որ իր հետ ոչ ոք կապ չի հաստատել, իսկ ներկայացումը բեմադրվել է 1982 թվականից, պարբերաբար խաղացել են տարբեր կազմերով, և հիմա կրկին թարմացվել է Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ «անամոթություն կամ գիտակցված ապատեղեկատվություն» էր որակել մամուլում և համացանցում տարածված այն լուրերը, թե իր հորդորով Կամերային թատրոնում չեղարկվել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը, իսկ Ռուսական թատրոնում՝ «Անմարդկային կատակերգություն» դրաման:
Ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանն ասել է. «Եկել եմ ոլորտից, եկել եմ զուտ մասնագիտական չափանիշերից ու նկատառումներից ելնելով ու կվերադառնամ այդ ոլորտ: Ես ոլորտի ներկայացուցիչն եմ կառավարությունում: Ինձ ճանաչող մարդիկ դժվար կպատկերացնեն մի պրոցես, երբ վերցնում եմ հեռախոսն ու քաղաքական ենթատեքստի պատճառով որևէ ներկայացում չեղարկում: Դրա մեխանիզմն էլ չկա»: