Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շատ կարևոր է. Քրիս Բոհջալյան

Թուրքիան պետք է տեսնի և ընդունի իր օսմանյան նախնիների ձեռքի արյունը: Այս մասին նշում է ամերիկահայ գրող, բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանը` «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա հարցադրում է կատարում՝ արդյո՞ք Թուրքիան կաջակցեր Ադրբեջանին Արցախի դեմ վայրագ հարձակման ժամանակ, եթե աշխարհը նրանց պատասխանատվության ենթարկեր Հայոց ցեղասպանության համար, ու միանշանակ վստահ է՝ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շատ կարևոր է:

-Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց ո՞րը պետք է լինի առաջադեմ մարդկության հիմնական խնդիրը` այդպիսի հանցագործությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման տեսանկյունից:

-Մենք գիտենք, որ ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է, որը հաջորդ ցեղասպանության առաջին փուլն է: Հայոց ցեղասպանության մասին իմ՝ «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի ամենաշատ մեջբերվող տողն է. «Հայերին հրեաներին, կամբոջացիներին, բոսնիացիներին և ռուանդացիներին կապող մի գիծ կա: Ակնհայտորեն ավելին կա, բայց իրականում որքա՞ն ցեղասպանություն կարող է պարունակել մեկ նախադասությունը»: Այնպես որ, ես կարծում եմ, որ կրթությունը վճռորոշ դեր ունի: Մարդիկ պետք է իմանան իրենց պատմությունը, որպեսզի պատմությունը չկրկնվի: Ահա թե ինչու Նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը ապրիլի 24-ին այնքան կարևոր է:

Թուրքիայի հակահայկական ռասիզմը շարունակվեց վերջին 106 տարիներին, քանի որ ոչ ոք վարչախմբին պատասխանատվության չենթարկեց իր 1,5 միլիոն քաղաքացիների ոչնչացման և Ստամբուլից դուրս հայկական մշակույթի վերացման և բնաջնջման փորձի համար: Այնպես որ, կարևոր է նաև ոտքի կանգնել ընդդեմ ռասիզմի բոլոր ձևերի՝ որտեղ էլ այն բարձրացնի իր գարշելի գլուխը: Ահա թե ինչու շարժումները, ինչպիսին է «Սև կյանքերը կարևոր են», նշանակալի են, և մենք պետք է աջակցենք դրանց:

-Հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի կողմից իր պատմության հետ առերեսումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ քաղաքականությունն ու ժխտողականությունը, որը մենք տեսանք նաև բոլորովին վերջերս Արցախի դեմ 44-օրյա պատերազմում:

-Թուրքիան պետք է տեսնի և ընդունի իր օսմանյան նախնիների և պապերի ձեռքի արյունը: Ես չեմ ակնկալում, որ դա կլինի իմ կյանքի ընթացքում: Արդյո՞ք նրանք կաջակցեին Ադրբեջանին Արցախի դեմ իրենց վայրագ և առանց դրդապատճառի հարձակման գործում, եթե աշխարհը նրանց պատասխանատվության ենթարկեր Հայոց ցեղասպանության համար: Ես չգիտեմ: Բայց ես գիտեմ, որ ԱՄՆ-ը պետք է ավելին աներ 44-օրյա պատերազմը դադարեցնելու համար: Ամբողջ աշխարհը պետք է ավելին աներ: Փաստն այն է, որ անցած քառորդ դարում աշխարհը պետք է ավելին աներ` Արցախի սահմանները կայունացնելու և Կովկասի այդ անկյունում խաղաղություն ապահովելու համար:

-Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդն արդար հատուցման տեսանկյունից: Արդյո՞ք ճանաչումն ու Թուրքիայի ներողությունը բավարար են պատմական արդարությունը վերականգնելու համար:

-Մենք երբևէ հետ կբերե՞նք Վանը: Արարա՞տը: Շուշի՞ն: Կրկին, հավանաբար, ոչ իմ կյանքի ընթացքում: Արդյո՞ք փոխհատուցումներ կլինեն: Կրկին կասկածում եմ դրանում: Բայց դա չի նշանակում, որ Նախագահ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը կարևոր չէ: Դա կարեւոր է: Այն ազդակ է, որ մարդու իրավունքները և պարկեշտությունը կարևոր են, և պատմությունը չի կարող փոփոխվել: Փաստերը փաստեր են:

Տեսանյութեր

Լրահոս