«Մեր տարածաշրջանը վերածվել է վառոդով լի տակառի. մենք, ցավոք, միան վառոդն ենք». Վարդան Ոսկանյան
«Իրան-Թուրքիա մրցակցությունը Հարավային Կովկասում դիտարկելու համար մենք պետք է հասկանանք՝ ինչ տերությունների հետ գործ ունենք․ տերություններ, որոնք գտնվում են դինամիկ զարգացման մեջ,- այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ այս համատեքստում հիշատակելով Թուրքիայի մասին՝ հավելելով,- Երեկվա Թուրքիան այսօրվա Թուրքիան չէ․ թուրքը մնում է թուրք, բայց Թուրքիան փոփոխվում է»։
Իրանագետը նշեց նաև, որ Թուրքիան փոփոխվում է հենց մեր աչքի առջև, հենց այսօր, և եթե դիտարկենք էրդողանական Թուրքիայի խորքը, ապա ականատես կլինենք հետաքրքիր գործընթացի.
«Մենք ունեցանք Թուրքիա, որը դուրս եկավ Քեմալ Աթաթուրքի նախանշած ազգայնական սահմաններից՝ ձգտելով դառնալ տարածաշրջանային գերտերություն։ Բայց մենք գործ ունենք Թուրքիայի հետ, որը չունի համապատասխան ռեսուրսային բազա իր գերտերության շրջանակներն ընդլայնելու։ Եվ հետևաբար՝ Թուրքիայի քաղաքական միտքն այսօր գնում է հակառակ ճանապարհով՝ եղածն ամրագրելու և հետագա ծավալապաշտությունից խուսափելու նպատակով։
Եգիպտոսի հետ հարաբերությունների նորմալացման փորձ, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ հարաբերությունների նորմալացման փորձ, գրեթե հրաժարվում է Արևելյան միջերկրածովյան հատվածում թուրքական հավակնություններից, և հնարավորինս խուսափել է Ռուսաստանի հետ բախումներից»։
Վարդան Ոսկանյանը, սակայն, շեշտեց՝ կա միայն մեկ ուղղություն, որտեղ Թուրքիան չի գնա սահմանափակումների՝ դա Հարավային Կովկասն է։
Նա հավելեց՝ թուրքական նկրտումները ռեսուրսային բազա չեն պահանջում թյուրքալեզու պետություններում, կամ ավելի քիչ ռեսուրսային բազա են պահանջում․
«Իսկ թյուրքալեզու պետությունները, ցավալիորեն, գտնվում են կա՛մ մեր հարևանությամբ, կա՛մ Կասպից ծովից անդին։ Ուստի այս ուղղությունը Թուրքիայի համար շարունակելու է մնալ ծավալապաշտական ուղղություն»։
Իրանին անդրադառնալով՝ իրանագետը նկատեց՝ այս դեպքում ականատեսն ենք հակառակ գործընթացի․ «Իրանական պետությունը, սահմանափակված լինելով աշխարհի թիվ մեկ գերտերության հետ հակամարտությամբ, ընդ որում՝ հակամարտություն, որը քառասուն տարի անընդմեջ տևում է, կարողացել է հաջողել ու նաև կրկին դառնալ գերտերություն Մերձավոր Արևելյան տարածաշրջանում։ Սակայն, ի տարբերություն Թուրքիայի՝ իրանական ռեսուրսային բազան անհամեմատ մեծ է, և այս համատեքստում իրանցիները համարում են, որ ԱՄՆ-ի սահմանափակումների շրջանցման, չեզոքացման պայմաններում իրենք ունակ են ավելիին, քան այսօր։ Հետևաբար, այս համատեքստում պետք է դիտարկել Իրանաչինական համագործակցությունը։
Եթե մենք դիտարկում ենք Հարավային Կովկասը, որտեղ գտնվում է ՀՀ-ն նաև, ապա ակնհայտ է, որ մենք գործ ունենք մի տարածքի հետ, որը պատմականորեն, գրեթե մշտապես գտնվել է իրանական տարբեր պետականությունների կազմում։ Այսինքն՝ այս իմաստով իրանցիների համար Հարավային Կովկասի տարածաշրջանը Իրանի եթե ոչ՝ ներկայիս, ապա՝ առնվազն պատմական բաղկացուցիչն է։
Հետևաբար, Իրանի համար այս տարածաշրջանը խիստ կարևոր է․ խիստ կարևոր է՝ հաշվի առնելով ոչ միայն իրանական մշակութային կամ պատմական ժառանգականության վրա հիմնված քաղաքական ստերեոտիպերն առաջ մղելու առումով, այլ նաև կարևոր է Իրանի պետական շահերն առաջ մղելու տեսանկյունից»։
Մանրամասները՝ տեսանյութում