Փաշինյանը կաշառք է խոստանում այն մարդկանց, որոնց երեխաները պետք է գնան բանակ. Ստեփան Դանիելյան

2018 թվականին՝ ինքն իրեն գերագույն գլխավոր հրամանատար, իսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ իրեն ընդամենն այդ պատերազմի մոդերատոր համարող Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղվել ստախոսությամբ, հրաժարվել իր նախկին ասածներից, փոխել տված խոստումները։

Հիմա, սակայն, այս ամենին ավելացել է նաև պատերազմում կրած պարտության համար մեղավորների փնտրտուքը՝ արդեն գեներալների շրջանում, և որոշում է կայացվել մեղքը ոչ միայն  գեներալների վրա գցել, այլև իր   հորինած ստերի մեջ ներքաշել նաև այլոց. ապացույցն օրերս Ազգային ժողովում իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում խոսակցության գաղտնազերծումն էր՝ Փաշինյանի  փոխանցած տեղեկությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով պատերազմի պարտությունից 5 ամիս անց առանց ընտրության օրը հանրապետության նախագահի հրամանագրով  պաշտոնապես որոշելու՝ մարզերում քարոզարշավի լծված Նիկոլ Փաշինյանի  հնչեցրած հայտարարություններին, ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Փաշինյանը մի քանի  պարզունակ թեզեր է աշխատեցնում՝ նախկիններ և ներկաներ սխեման է գործում հիմա դարձյալ, և չկա որևէ անդրադարձ այն խնդրին, թե  մեր տարածաշրջանում ի՞նչ է կատարվում ու ի՞նչ է մեզ սպասվում այդ կատարվողից։ Այս մասով բացարձակ խոսակցություն չի տարվում, փոխարենը՝ պարզունակ խոսակցություններն են, որով նա փորձում է քաղաքականություն կառուցել։ Այդ պարզունակ խոսակցություններին հիմա նաև ավելացել է շանտաժը՝ ուղղված Ռուսաստանին»,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ հիշեցնելով Վայոց ձորի մարզում Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե  հանկարծ Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, դա կնշանակի՝ պատերազմ Ռուսաստանի դեմ։

«Փաշինյանը հասկանում է, որ Ռուսաստանի դերակատարումը շատ է մեծացել Արցախում, և առհասարակ մեր կախվածությունն այդ երկրից շատ մեծ է։ Փաշինյանն ունի նաև իր խաղաքարտը. դա այն եռակողմ հայտարարությունն է՝ ստորագրված նոյեմբերի 9-ին, որով, ըստ Ռուսաստանի, այս վարչապետին հանելը նաև իրենց համար կարող է խնդիրներ ստեղծել։ Դա հասկանում է Ռուսաստանը, որը չորս կողմից սեղմվում է։ Տեսեք, թե Դոնբասում թուրքական աջակցությունն ինչ մեծ է՝ ընդհուպ Բայրաքթարների տեսքով։ Մեր տարածաշրջանում կարող է երկրորդ ճակատ բացվել, ուստի հիմա այդ խաղաքարտը խաղացնելով՝ Փաշինյանը Ռուսաստանին ասում է, որ Հայաստանում կարող են իշխանության ռևանշիստները չհաշտվել պարտության հետ   և այդ չհաշտվելով՝ այս տարածաշրջանում Ռուսաստանի համար կարող են ստեղծել բարդ աշխարհաքաղաքական խնդիրներ, ուստի ինքը տարածաշրջանը դրանցից զերծ պահելու համար գնում է բոլոր քայլերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է անգամ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս պահվածքն ինչ-որ տեղ նաև շանտաժ է Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանին սիրաշահելով՝ Փաշինյանը շանտաժի  է գնում»,- ասաց  քաղաքագետը։

Հարցին՝ կաշխատի՞ արդյոք ընդդեմ ՌԴ-ի արվող շանտաժը՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ, Ստեփան Դանիելյանը պատասխանեց.

«Եթե Հայաստանում լինեն  ընտրություններ, Ռուսաստանը գործող իշխանությանը որևէ ձևով չի աջակցի, բայց նաև չի անի որևէ քայլ՝ ընտրություններին միջամտելու համար, որովհետև համաձայնագրի վտանգումը Ռուսաստանի համար շատ լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ կստեղծի»։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, ապա Դանիելյանն ընդգծեց, որ, եթե լինեն քաղաքական ուժեր, որոնք հանրությանը կկարողանան հստակ ցույց տալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, ունեն ծրագրած քայլերի հաջորդականություն, ապա Նիկոլ Փաշինյանը հաղթանակի որևէ շանս չունի։

«Իսկ, եթե այդպիսիք չլինեն, և այս իշխանությունը կարողանա այդ արտահերթ  ընտրություններով կրկին մեծամասնություն դառնալ, ապա մենք ունենալու ենք բոլորովին այլ որակի խորհրդարան։ Այս ընտրույթուններից հետո խորհրդարան են մտնելու ոչ թե «Լուսավոր Հայաստան»  և «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունների նման խմբակցությունները, այլ բոլորովին այլ՝ ռադիկալ ուժեր։ Խորհրդարանում Փաշինյանի իշխանությունն ունենալու է շատ դաժան կյանք, խորհրդարանական ճգնաժամ է լինելու, նիստերի ժամանակ էլ կարող է լինել  ծեծ ու ջարդ՝ բառիս բուն իմաստով. կրկնում եմ՝ խորհրդարանում գործող ընդդիմության նման ընդդիմություն էլ չի հայտնվելու»,- նշեց Դանիելյանը։

Խոսելով հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ իշխանության  խոստումների մասին՝ Ստեփան Դանիելյանն ընդգծեց, որ այս իշխանությունը ոչ թե խոստումներ է տալիս, այլ կաշառք է առաջարկում. կաշառք է այն, երբ ասում են, թե կա գաղափար՝ ծառայությունը 5 տարվա մեջ 3 ամիս դարձնելու մասին, Փաշինյանը  կաշառում է մարդկանց՝ ասելով, թե՝ ձեր որդիները բանակ չեն գնա։

«Սա, ինչպես  նաև բանակում ծառայությունից խուսափածներին համաներելը պետական հանցագործության տարր պարունակող պոպուլիզմ է։ Մարդկանց տրամադրում է, թե՝ ձեր երեխաները բանակ չեն գնա, ու փորձում է ձայներ կորզել։ Բնականաբար, ստում է, բնականաբար, այդպես չի լինելու, ստում է նաև նոր ատոմակայանի կառուցման հարցում»,- ասաց Դանիելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս