Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ
Արմեն Սարգսյանը ցավակցել է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արմեն Սարգսյանի ցավակցական խոսքում նշված է. «Շատ ցավալի լուր ստացա. վախճանվել է ամերիկյան ժամանակակից մտքի և հայկական աշխարհի փայլուն դեմքերից մեկը՝ կրթության ու մշակույթի նվիրյալ, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, նախկինում Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահ, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր և իմ վաղեմի բարեկամ Վարդան Գրեգորյանը:
Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, Սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում:
Անկեղծ ցավակցություններս եմ հղում Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և կիսում նրանց ծանր վիշտը»: