Թիվ 1 ուսապարկը հավակնում է հայկական Ժիրինովսկի դառնալ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը թեեւ ԱԺ ամբիոնից հերթական անգամ հոխորտում էր բոլորի ու հատկապես նախկինների վրա, սակայն նա անգամ լրագրողների հետ չառերեսվեց։ Եվ դրա համար ԱԺ թիվ մեկ «ուսապարկը»՝ ուսապարկի մասին հայտնի հայտարարության հեղինակ Վահագն Ալեքսանյանն անգամ խորամանկ քայլի դիմեց․ նիստի ընդմիջումն ավարտվելուց հինգ պակաս, երբ Փաշինյանը ստիպված էր վերադառնալ, ԱԺ դահլիճի դռների մոտ հավաքված լրագրողների առջեւ հայտնվեց Ալեքսանյանը եւ դեմքի խորհրդավոր արտահայտությամբ հայտարարեց, որ ասելիք ունի։
Լրագրողները հեռացան դռների մոտից, որ լսեն, թե ինչ դարակազմիկ հայտարարություն է անելու նորաթուխ պատգամավորը, եւ հենց այդ պահին Փաշինյանն իր շքախմբով ճողոպրեց դահլիճից։
Ի դեպ, Ալեքսանյանը թեեւ ընդամենը մի քանի օր է վերցրել մանդատը, բայց հավակնում է դառնալ հայրենի խորհրդարանի Ժիրինովսկին՝ պատեհ-անպատեհ ղժղժալով եւ լրագրողական ուշադրության կենտրոնում հայտնվելով»։