Թուրքիան Հայաստանում է, տղա է՝ թող հերքի. Շարմազանով

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի պարտությունից հետո դեռ շարունակում է մնալ վարչապետի պաշտոնին, դա և՛ ընդդիմադիր ուժերի, և՛ հասարակության, և՛ մտավորականության մեղքն է. այդ մեղքը, սակայն, չի նշանակում, որ նոր թափով այսուհետև չպետք է պայքարել նրա դեմ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում երեկ ունեցած ելույթի մասին, ասաց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի, իր հրաժարականից հետո եթե հանկարծ որևէ քաղաքական ուժ փորձի արդեն իսկ պլանավորված քայլերից զատ ինչ-որ բան անել, դա այդ ուժի համար կլինի քաղաքական ինքնասպանություն, Շարմազանովը պատասխանեց.

«Դե, եթե ինքն արդեն գաղտնի պայմանավորվել է խորհրդարանական ընդդիմության հետ, դա արդեն իրենց խնդիրն է, բայց սա միայն քաղաքական խնդիր չէ, սա պետություն ունենալ-չունենալու խնդիր է, և քաղաքական ինքնասպանություն գործել է Փաշինյանը, երբ կզել է Ալիևի առաջ»,- ասաց Շարմազանովը՝ շեշտելով, որ նախորդ իշխանության ժամանակ Շուշին ժառանգություն ստացած և այսօր Շուշին Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանը, հնարավորություն ունենալով անհամեմատ ավելի լավ պայմաններով պատերազմը կանգնեցնելու, իր այդ հնարավորությունները չի օգտագործել ու դրանով փաստում է, որ կապիտուլյանտն ինքն է, և վերջ, որովհետև ստորագրված հայտարարության տակ դրված է հենց նրա և ոչ թե Հայաստանի երեք նախկին նախագահների ստորագրությունը։

«Հիմա եկել, ասում է, թե՝ գեներալները էսպես, էնպես… բա եթե մի մարդուն իր գեներալները ճիշտ չեն զեկուցում ու իրեն կարողանում են խաբել, հարց է առաջանում՝ ի՞նչ է, ինքը մեխի գլո՞ւխ է, դե մեր ասածն էլ դա է, եթե մեխի գլուխ չլիներ, կկարողանար պետության շահերը պաշտպանել։ Հիմա կանգնում ասում է, թե բանակը թալանել են, արա, բա եթե թալանել են, ինչպե՞ս էիր 2020 թվականի հուլիսին ասում, որ մեր բանակն ամենամարտունակն է»,- ասաց Շարմազանովը։

Ըստ նրա՝ եթե Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին լսեր, այս օրը չէր ընկնի. պետք է լսեր ոչ միայն Առաջին, այլև նրան հաջորդող երկու նախագահներին ևս, սակայն դա չի արել, փոխարենը՝ Արցախյան հարցի բանակցային գործընթացի մասին տեղեկացվել է թշնամի երկրից, որի արդյունքում Ադրբեջանին է հանձնել հայկական պետությունից 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք ու դարձել Ալիևի և Էրդողանի համար ֆուտբոլի գնդակ։

«Հիմա ունենք մի իրավիճակ, որ այս ամբարտավանն ասում է՝ պլյուս-մինուս հիսուն զոհ ունենք, նրա մոտ մեր զոհերը հատով են, ոչ թե հոգով, իսկ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն վերագնահատելու համար երեխեքի կյանքերը խնայեց, իսկ հիմա սա կանգնել ասում է՝ պլյուս-մինուս հիսո՞ւն»,- ասաց Շարմազանովը՝ շեշտելով, որ այսքան մեծ աղետից, Արցախի 80 տոկոսն Ադրբեջանին հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը նաև Հայաստան է բերել Թուրքիային։

«Թուրքիան Հայաստանում է։ Տղա է՝ թող հերքի։ Թուրքիան արդեն Կովկասում է և Ռուսաստանից հետո երկրորդ դերակատարը, ու ինչ է՝ սա կարող է առանց Թուրքիայի համաձայնության՝ ինչ-որ բան անե՞լ։ Փաշինյանն է այստեղ բերել Թուրքիային, որովհետև նրա համար փողից հոտ չի գալիս։ Կապ չունի, թե այդ փողը ինչ ճանապարհով է գալիս, հիմա այս մարդը Հայաստանը վերածում է թուրքական վիլայեթի, կարևորը՝ վճարունակ լինեն ու փող տան, էլ ի՞նչ ազգային պետություն, ի՞նչ Արցախի կորուստ, նա թքած ունի նման բաների վրա, իսկ բոլոր քաղաքական ուժեը ժամանակին մերժելով Սերժին՝ մերժել են Հայաստանի և Արցախի պետականությունը»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս