«Ինչո՞ւ եք ծնողների առաջ կողպում դռները, իսկ հետո էլ «թռնում» ուղղաթիռով։ Ինչո՞ւ չեք տալիս նրանց հուզող մեկ հարցի պատասխանը՝ ո՞ւր են մեր որդիները․․․»․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ի՞նչ էր պետք մարդկանց հատկապես նոյեմբերի 9-ից հետո՝ ճշմարտացի խոսք, հոգատարություն, բացատրություն, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ինչո՞ւ շատ հարցեր պատերազմի փաստացի ավարտից և, ներեցեք անձնական որակման համար, բայց խայտառակ, ստորացուցիչ, անհասկանալի և ամոթի համաձայնագրի ստորագրումից հետո այդպես էլ լուծում չեն ստանում, օրինակ՝ ինչո՞ւ այդքան հեշտ, պայմանավորված օր ու ժամին Մոնթեի ծննդյան օրը նրա իսկ ազատագրած Քարվաճառը թշնամուն հանձնեցինք, մինչդեռ մեր գերիները մինչ այսօր շարունակում են կյանքի պայքար մղել ոչ բարով հարևան, այո՛, թշնամի երկրի բանտերում։
Իրենց սիրասուն որդիներին կորցրած ծնողներն են ամեն անգամ գալիս ձեր դուռը, այն դուռը, որը մի ժամանակ Հայաստանի հպարտ քաղաքացին իրավունք էր ստացել անգամ ոտքով բացելու, բայց այժմ այդ դռները յոթ կողպեքով փակ են նրանց առաջ: Նրանք ձեզանից փող կամ օգնություն չեն մուրում, միայն մեկ լուր իրենց գերեվարված և անհետ կորած զինվորների մասին: Նրանք են ձեր դուռը գալիս այն դեպքում, երբ դուք ամենօրյա կապի մեջ պետք է լինեիք նրանց հետ, բացատրեիք, ասեիք, խոսեիք, թե ինչու մինչև հիմա իրենց որդիները չեն վերադարձել, ինչու նրանց մարմինները չեն հայտնաբերվել։
Երբ լրանում է երիտասարդի 18 տարին, պաշտպանական գերատեսչությունն առանց մեկ օր ուշացնելու ծանուցագիր է ուղարկում ապագա զինվորին՝ ներկայացեք զինկոմիսարիատ։ Այնուհետև նրան զորակոչում է բանակ։ Ամեն քայլ արվում է առանց մեկ րոպե ուշացման։ Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն ճշտապահությամբ չեք կատարում ձեր պարտականությունը ծնողների հանդեպ, որոնք ձեզ վստահել են ամենաթանկը՝ իրենց որդիներին։ Ինչո՞ւ եք կողպում նրանց առաջ դռները, իսկ հետո էլ «թռնում» ուղղաթիռով։ Ինչո՞ւ չեք տալիս նրանց հուզող մեկ հարցի պատասխանը՝ ո՞ւր են մեր որդիները, ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Թե երբ և ինչ հանգուցալուծում կունենա այս մղձավանջը, որևէ մեկս հստակ ասել չենք կարող։
Ամեն դեպքում այս «պատերազմը» դեռ երկար տարիներ կշարունակվի մեր մեջ, մեր ընտանիքներում՝ մեր իրական ոսկե երիտասարդների ու Արցախի մասին ուրախ ու տխուր հիշողություններով: Ապրել, որովհետև ողջ ես, ընթանալ կյանքի հոսանքով, բարդ է, բայց դա անհրաժեշտություն է։ Ընկրկելու տեղ չունենք, իրավունք ևս, այս ամոթն ու պարտությունը պետք է հաղթահարել, հեշտ չի լինելու, բայց անմահացած, մեր կողքին ապրող հերոսացած տղերքը գոնե ինձ հետքայլ անելու իրավունք չեն տվել»: