Սեփական PR–ի համար գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը․ Փաշինյանի միակ ճիշտ քայլը կլինի հեռանալը․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է գերիների վերադարձի հարցին։ Հեղինակը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի հարցում ոչինչ չպետք է անի, և դրանով իսկ կնպաստի գերիների վերադարձին։

Երեկ գիշեր մեր հանրությունը կրկին հավատաց և կրկին հուսալքվեց։ Սեփական PR ակցիայի համար, առանց բավարար հիմքերի, առանց իրականությունը հասկանալու, գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո, կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը։ Ցանկացած նախաձեռնություն, որ սկսում է այս իշխանությունը ի սկզբանե տապալում է ենթադրում։

Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում։

  • Ի՞նչ պետք է անի Փաշինյանը գերիների վերադարձի հարցում. Ոչինչ։ Ոչինչ չպետք է անի, և դրանով իսկ կնպաստի գերիների վերադարձին։ Չի կարելի անգրագետ գործողությունների արդյունքում հերթական ցավը պատճառել իրենց զավակներին սպասող ընտանիքներին։ Չի կարելի այսքան ցավ պատճառել մեր հանրությանը։ Մեր եղբայրները Ադրբեջանի գերին են, իսկ մենք էլ այստեղ ենք դարձել մարտնչող տգետների գերի։
    Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Արցախի հարցում. Ոչինչ։ Նա արդեն ինչ կարող էր, արել է։ Նա երկիրը տարել է պատերազմի, կորցրել է մեր հայրենիքի հսկայական տարածքներ, հանձնել է Շուշին, Հադրութը, զոհաբերել է մի ամբողջ սերունդ, խեղել է հազարավոր երիտասարդների ճակատագրեր։ Փաշինյանից այսօր պահանջվում է ոչինչ չանել։ Այլապես մենք կվտանգենք այն բեկորները, որ դեռևս պահպանվել են։
    Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Սյունիքի հարցում. Ոչինչ։ Հակառակ պարագայում մենք կկորցնենք Սյունիքը։ Փաշինյանի գործողությունների հետևանքով GPS-ով գծագրվում են մեր սահմանները հօգուտ Ադրբեջանի։ Փաշինյանի գործողությունների և հնարավոր պայմանավորվածությունների պատճառով Սյունիքի ճակատագիրը օրեցօր ավելի է վտանգվում։
  • Ի՞նչ պետք է անի Փաշինյանը բանակցությունների հարցում. Ոչինչ։ Միևնույն է բանակցությունների ընթացքում Փաշինյանին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում։ Ավելին, բոլոր հնարավոր եղանակներով ստորացնում են, նսեմացնում։ Չի կարող երկիրը խայտառակ կապիտուլյացիայի հասցրած անձը երկիրը արժանապատվորեն ներկայացնել բանակցություններում։
  • Ի՞նչ պետք է անի Փաշինյանը քովիդի կանխարգելման հարցում. Ոչինչ։ Փաշինյանի անգրագետ, անհետևողական քաղաքականության հետևանքով մենք կորցրել ենք 4641 քաղաքացի։ Ու ասպես ամեն օր։
  • Ի՞նչ պետք է անի Փաշինյանը կրթական համակարգի բարեփոխման համար. Ոչինչ։ Փաշինյանի պատկերացումները կրթական բարեփոխումների հարցում սահմանափակվում են բացառապես բուհերը յուրայիններով լցնելու, ինքնավարությունից զրկելու, բուհերից շենքերը խլելու և օտարելու գաղափարով։
  • Ի՞նչ պետք է անի Փաշինյանը դատաիրավական բարեփոխումների հարցում. Ոչինչ։ Փաշինյանի յուրաքանչյուր նախաձեռնություն փորձ է դատաիրավական համակարգը դարձնել կախյալ, ձեռնասուն։ Ունենալ սեփական շահերը ներկայացնող համակարգ։
  • Ի՞նչ պետք է անի տնտեսության փրկության հարցում. Ոչինչ։ Նրա որոշումները բերում են տնտեսության փլուզման, գնաճի, արտարժույթի արժեքի կտրուկ բարձրացման։ Յուրաքանչյուր հաջորդ որոշում ավելի ծանր հետևանքների առջև է կանգնեցնելու տնտեսությունը։

Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Միակ ճիշտ քայլը, որ նա կարող է անել, հեռանալն է։ Նրա հեռանալը խաղաղության համար է, իսկ մնալը սպառնում է նոր պատերազմով։ Միայն Փաշինյանի հեռանալու պարագայում է հնարավոր ոտքի կանգնել, ապահովել երկրի անվտանգությունը, հետ բերել գերիներին, փրկել Արցախի մնացած մասը, դառնալ լուրջ պետություն, պաշպանել մեր շահերը, ունենալ կայուն խաղաղություն, պաշտպանել մեր տնտեսությունը։ Կգա նոր իշխանությունը ու այս հարցերը հերթով կլուծի։

Տեսանյութեր

Լրահոս