Գետափում հնչած կրակոցների դեպքով երկու տղամարդ կալանավորվել է
Ապրիլի 3-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Գետափ գյուղում կրակոցներ են հնչել։ Գյուղ մեկնած ոստիկաններն անցան օպերատիվ աշխատանքի։ Հարցումների արդյունքում հայտնի դարձան վիճողների շրջանակը, կրակոցների քանակը, կրակողի ինքնությունը։
Տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ընթացքում հրացանից երեք անգամ կրակել էր Եղեգնաձորի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ։ Պարզվեց նաև, որ նա իր մեքենայով ընկերների հետ գնացել էր Եղեգնաձորի ուղղությամբ։ Ճանապարհին՝ Գետափ գյուղի գազալցակայանի մոտ, նկատել էր Գետափ գյուղի 37-ամյա բնակչի, որի հետ նախկինում միջանձնային հարցերի շուրջ տարաձայնություններ էր ունեցել։
Կանգնեցրել էր մեքենան, բռնել էր 37-ամյա տղամարդուն, իսկ ընկերներից մեկը մեքենայի բեռնախցիկից հանել էր հրացանն ու տվել նրան։ Այդ ընթացքում 37-ամյա տղամարդը փախել էր։ Կասկածվողն էլ կրակոցներ էր արձակել նրա հետևից, ապա ընկերների հետ շարժվել Երևան։
Եղեգնաձորի ոստիկանները, համագործակցելով Արարատի քրեական հետախույզների և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, Երասխ-Երևան ճանապարհին հայտնաբերեցին փնտրվող մեքենան և վարորդին ու ընկերներին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին։
Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք հրազենը, իսկ մինչ այդ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ։ Բերման ենթարկվածները ձերբակալվեցին, իսկ վարորդն ու ընկերներից մեկը ապրիլի 6-ին կալանավորվեցին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։