
Սենտ Վինսենտը և Գրենադիններն սկսել են բնակիչների տարահանումն արթնացած հրաբխի պատճառով

Սենտ Վինսենտի եւ Գրենադինների ղեկավարությունն սկսել է տարահանել կղզի պետության մի շարք շրջանների բնակիչներին, որոնք բնակվում են արթնացած Սուֆրիեր հրաբխի անմիջական մերձակայքում: Ապրիլի 8-ին այդ մասին Twitter-ում հայտնել է երկրի վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը:
«Ես հրաման եմ արձակել այն բոլոր բնակիչներին տարահանելու մասին, ովքեր ապրում են կղզու հյուսիս – արեւելքի եւ հյուսիս – արեւմուտքի «կարմիր գոտիներում»: Բոլոր բնակիչներին խնդրվում է անհապաղ գործել համապատասխան կերպ՝ ապահովելու համար իրենց եւ իրենց ընտանիքների անվտանգությունը»,- գրել է քաղաքական գործիչը: Սենտ Վինսենտի եւ Գրենադինների տարածքում, որտեղ բնակվում է ավելի քան 100 հազար մարդ, ուժգին հրաբախային ակտիվություն չի դիտվել 1979 թվականինց ի վեր: Սուֆրիեր հրաբխի խոշորագույն ժայթքումներից մեկը տեղի է ունեցել 1902 թվականին եւ խլել ավելի քան հազար մարդու կյանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: