Բաժիններ՝

Հայաստան ներկրված մեքենաների գները 30 տոկոսով նվազել են. գնորդները ղազախներն ու հայերն են

Դեռևս 2020 թվականի օգոստոսի 14-ին հայ ավտոներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց: Պատճառն այն էր, որ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը 29.06.2020թ. հատուկ հրամանով որոշել էր, որ ՌԴ-ում ինչքան հայկական համարանիշով  մեքենա կա՝ պետք է առգրավել՝ պատճառաբանելով, թե հայկական համարանիշով ավտոմեքենաներն անօրինական են գտնվում ՌԴ-ում:

Սակայն հայ ավտոներկրողները հակադարձում էին՝ ասելով, որ  Հայաստանը Մաքսային միության անդամ է, որին անդամակցելու հիմնական իմաստն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներն ազատ շրջանառություն ունենան այդ տարածքում:

Նույն խնդիրն էր նաև Ղազախստանի դեպքում, սակայն այնտեղ, ի տարբերություն Ռուսաստանի, հարցը կարծես թե լուծվել է, արդեն ղազախները սկսել են Հայաստանից մեքենաներ գնել:

«Դժվարությամբ, սակայն կարողանում ենք ներկրած մեքենաները վաճառել: Գնորդները տեղացիներն են, ինչպես նաև ղազախները, ովքեր   2021թ. փետրվարի կեսից սկսել են մեքենաներ գնել: Հեշտությամբ կարողանում են գնել և տանել, խնդիր չի լինում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Զոհրաբ Իգիթյանը:

Նրա փոխանցմամբ՝ մեքենաները վաճառվում են շուկայականից էժան գնով՝ մոտ 30 տոկոսով գները նվազել են:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա, մեր զրուցակցի հաղորդմամբ՝ Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների ներկրումը գործնականում դադարել է:

«Ռուս գնորդներ չկան»,- նշեց նա:

Զոհրաբ իգիթյանի խոսքով՝ ավտոմեքենաների մի մասը ավտոշուկայում է, որի համար ամեն օր վճարում են որոշակի գումար՝ 500-2000 դրամի սահմաններում, մի մասն էլ փողոցների մայթեզրերին են կայանել, իսկ այս դեպքում հաճախ լինում են գողություններ, ինչպես նաև վնասում են մեքենաները:

Հավելենք, որ ապրիլի 6-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի երթևեկության անվտանգության պետական տեսչության պետ Միխայիլ Չերնիկովը հայտարարել է, որ Հայաստանից ավտոմեքենաների ներկրումը Ռուսաստան՝ դադարել է, մնացել են միայն այն ավտոմեքենաները, որոնք ավելի վաղ մուտք էին գործել երկիր:

«Հայաստանից գործնականում մեքենաներ չկան, դրանք հին ներմուծումներ են: Բացի այդ, մենք մշակել ենք նման տրանսպորտային միջոցների սեփականատերերի գրանցման համակարգ` տեղեկատվական մեկ միասնական բազայում»,- ասել է նա:

Հայաստանում օգտագործված մեքենաների մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, ինչը շահավետ է դարձրել դրանց ձեռքբերումն այստեղից: Տրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին օրենքում փոփոխությունների ընդունումից հետո, ճանապարհային ոստիկանության տեսուչները հայկական պետհամարանիշով մեքենաներն առգրավում էին: Ինչպես նշել է ՌԴ ԴՄԾ-ն, 2014 թվականի հոկտեմբերի 10-ից հետո Հայաստանում գրանցված մեքենաներն իրենց դրույքաչափերով տարբերվում են ԵԱՏՄ մաքսատուրքերի դրույքաչափերից և արտասահմանյան ապրանքի կարգավիճակ ունեն, իսկ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ դրանք ստանում են միայն մաքսային վճարների տարբերությունը վճարելուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս