«Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը նվազել է՝ այն գործելու է առնվազն 15 դատավորների թվակազմով». Ռուստամ Բադասյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած  «ՀՀ  դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և կից օրենքների փաթեթը։

Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ճիշտ է, ստեղծվում է  հակակոռուպցիոն դատարանը, սակայն նկատի ունենալով վիճակագրությունը և թեթև ծանրաբեռնվածության առաջացումը Վերաքննիչ ատյաններում, որոշել են, որ լինելու է երկուական կազմ, որոնք կմասնագիտանան տվյալ գործերի քննությամբ։

«Ի լրումն այս ամենի, կարող են քննել նաև այլ գործեր, նպաստելով ընդհանրապես դատական համակարգում ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը նույնպես նվազել է, սահմանվել է, որ այն գործելու է առնվազն 15 դատավորների թվակազմով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ։ Իսկ առնվազն 5 դատավոր պետք է լինեն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Նախագծից հանվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ավելացման կետը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Նա նաև ընդգծեց, որ սահմանվել են Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարաններում առանձին դատավորների միջև գործերի բաշխման առանձնահատկությունները։ Խմբագրվել է նաև հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների համար նախատեսված սահմանափակումները, միաժամանակ սահմանվել է, որ տվյալ սահմանափակումները կիրառվում են նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով։

«Նախագծից հանվել է նաև Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների համար բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտադիր պահանջի կարգավորումները»,- հավելեց Ռուստամ Բադասյանը։

Քննարկելուց հետո, հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց նախագծի փաթեթին։

Տեսանյութեր

Լրահոս