Պատերազմից հետո Գեղարքունիքի մարզի սահմանը թշնամու հետ կրկնակի ավելացել է, դարձել 160կմ․ Իշխան Սաղաթելյան

Սևան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթը սկսեց՝ հիշեցնելով 2018թ․ «մի խմբակի կողմից» բարեկեցիկ կյանքի, բարձր աշխատավարձի, անվտանգության ու արժանապատիվ ապագայի մասին ժողովրդին տված խոստումները՝ նկատելով, որ դրանց փոխարեն՝ այսօր ունենք կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհ, փլուզված տնտեսություն:

«Եթե ժամանակին Հայաստանից արտագաղթում էին նրանք, ովքեր ապրելու պարզ միջոցներ չունեին, այսօր նաև արտագաղթում են մարդիկ, ովքեր ունեն ապրելու հնարավորություն, պարզապես չեն ուզում ապրել այն երկրում, որի ղեկավարը դավաճանել է իր ժողովրդին, և հույս չեն տեսնում այս երկրի ապագայի հետ…

«Պատերազմից առաջ Գեղարքունիքի մարզը թշնամու հետ սահման ուներ 82կմ հատված: Պատերազմից հետո այդ սահմանը դարձել է 160 կմ: Մեր մարզի անվտանգությունն ունի լուրջ խնդիրներ: 160 կմ սահման պահելու համար անհրաժեշտ են հսկայական ենթակառուցվածքներ, ռեսուրսներ: Պատերազմից հետո Հայաստանում կա 7000 տեղահանված ընտանիք, շուրջ 30.000 մարդ: Ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ: Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել մեր ժողովրդի շահերը, իրավունքները, զարգացնել տնտեսությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա հավաքվածերին նաև հիշեցրեց երեք տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անկատար խոստումները Գեղարքունիքի մարզի վերաբերյալ, հորդորեց սևանցիներին ոտքի կանգնել ու «քշել» այս իշխանություններին:

Տեսանյութեր

Լրահոս