«Ո՛չ մարդուց կաշառք ենք վերցրել, ո՛չ շահադիտական ինչ-որ գործ ենք արել». Շուշի համայնքի ղեկավար
Շուշի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այս մասին տեղեկացնում է Արցախի գլխավոր դատախազության կայքը։
Ըստ դատախազության հաղորդագրության՝ Արծվիկ Սարգսյանը, զբաղեցնելով ԱՀ Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, որպես պաշտոնատար անձ՝ 2021 թվականի հունվարի 15-ից հանդիսանալով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում Շուշիի վարչակազմի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 1 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ համայնքի շահառուների ցուցակներում ներառել է թվով 7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, իբր նրանք նախքան պատերազմական գործողությունները սկսելը, վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում:
Արդյունքում՝ հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Քանի որ Շուշի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանը մեկ անգամ չէ հակադրվել Արցախի և Հայաստանի իշխանությունների հնչեցրած տեսակետներին՝ 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս գործում տեսնում է քաղաքական ենթատեքստ:
Ի պատասխան՝ նա ասաց, որ, թեև գործին խորապես չի ծանոթացել, սակայն նրա համար անհասկանալի է, որ գործն «արդեն լրատվականներով տարածել են».
«6000-6500 մարդու մեջ 7 թյուրիմացություն կարող է լինել. Էնպես չի, որ բոլորին ճանաչում ենք, հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն է եղել: Բայց դե միանգամից, առանց տեղեկացնելու, որ հայտարարվում է, դա է անհանգստացնող, թե չէ ուրիշ բան չկա՝ ո՛չ մարդուց կաշառք ենք վերցրել, ո՛չ շահադիտական ինչ-որ գործ ենք արել:
Թե հետագայում՝ փակագծերի մեջ ինչ կա, դա չեմ կարող ասել արդեն»: