Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը. Փաշինյան
Տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման և տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նախ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից:
«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին։ Այս համատեքստում, ամուր խաղաղության հաստատման և տարածաշրջանում տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը: