Ռեյտինգային ընտրակարգի փոխարեն կգործի համամասնական ընտրակարգը. Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է ֆեյսբուքյան գրառումների ու տարատեսակ ելույթների հիմքով նախատեսվող հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից առաջ հրաժարվել ռեյտինգային ցուցակներից և ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:

«Խաղի կանոն չի փոխվում: ՀՀ Սահմանադրության 89 հոդվածով Ազգային ժողովը ձևավորվում է համամասնական ընտրակարգով: Այն համակարգը, որ դրված է ներկայիս իբր թե համամասնականի ներքո, դա ուղղակի աղավաղում է համամասնական ընտրակարգը: Մենք ընդամենը հստակեցնում ենք, մենք խաղի կանոն չենք փոխում… Այս փոփոխությունը բխում է մեր Սահմանադրության ոգուց»,- մինչ քվեարկությունն իր ելույթում ասաց նախագծի համահեղինակներից Վահագն Հովակիմյանը:

Սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվերի ձայների առնվազն 3/5-ը:

Նախագիծն ընդունվեց 83 կողմ (պատգամավորներից երկուսի խոսքով, ինչպես հաճախ գործող իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ է պատահում, կոճակը չէր աշխատել), 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ:

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, քվեարկությանը չեն մասնակցել: ԲՀԿ-ն առհասարակ ներկա չէր նաև այսօրվա արտահերթ նիստին:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը կկայանա առաջիկա ժամերին: Այն նախատեսվում էր կազմակերպել 24 ժամվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս