«Այդպես են անում, որպեսզի վաղը Ստեփանակերտն էլ հանձնեն, մեկ մարդ իրենց խմբակցությունից դուրս չգա». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԼՀԿ-ի նախընտրական շտաբը դեռ չի կազմավորվել, չնայած այդ մասով դժվար թե փոփոխություն լինի, քանի որ ունեն գործարկված համակարգ, որն էլ կգործարկվի:
«Ենթադրում եմ, որ Դավիթ Խաժակյանը կգլխավորի նախընտրական շտաբը և այն համակարգը, որը գործել է նախորդ երկու ընտրությունների ժամանակ, նույն ձևով այդ համակարգը վերագործարկվելու է: Ցուցակի մասով էլ՝ հիմա անլուրջ կլինի ցուցակ գրել, դեռևս վաղ է, բավականին հանդիպումներ լինում են, սակայն ցուցակ դեռ չենք գրել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր նախագծին, Էդմոն Մարուքյանը նկատեց՝ իշխանությունը տեսավ, որ Շուշին հանձնելուց հետո խմբակցությունից հինգ մարդ դուրս եկավ, որոնց մեծ մասը ռեյտինգային համակարգով ընտրված պատգամավորներ էին: Հետևաբար՝ այսօր իշխանությունը բերում է մի ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է վարչապետ, վարչապետն էլ ընտրում է պատգամավորներ:
«Իր դասընկերներին, ընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին և այլոց բերի պատգամավոր: Մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում մենք պետք է ընտրեինք խորհրդարան, խորհրդարանն էլ՝ վարչապետին: Ինչո՞ւ են սա անում, որպեսզի վաղը-մյուս օրը Ստեփանակերտն էլ հանձնեն, մեկ մարդ իրենց խմբակցությունից դուրս չգա»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում