
Ավտոմոբիլների համաշխարհային թողարկումը կարող է կրճատվել Ճապոնիայում տեղի ունեցած հրդեհի պատճառով

Ավտոմոբիլների համաշխարհային արտադրությունը կարող է ապրիլ – հունիսին մոտավորապես 1,6 միլիոն ավտոմեքենայով կրճատվել Ճապոնիայի հյուսիս – արեւելքի Հիտատինակա քաղաքում կիսահաղորդիչների արտադրության Renesas Electronics խոշոր ընկերության գործարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Դա ավտոմոբիլների թողարկման ներկայիս ծավալի մոտավորապես 7 տոկոսն է, մարտի 31-ին հայտնել է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը։
Թերթի տվյալներով՝ Ճապոնիայի առաջատար ավտոմոբիլաշինական կորպորացիաները, ներառյալ Toyota Motor-ը եւ Nissan Motor-ը, արդեն ձեռնամուխ են եղել իրենց մոդելների մի մասի արտադրության կրճատման հարցի ուսումնասիրմանը կիսահաղորդիչների սուր պակասի կապակցությամբ, որը սաստկացել է Renesas Electronics-ի գործարանում տեղի ունեցած հրդեհի պատճառով:
Այդ ձեռնարկությունում աշխատանքի լիակատար վերականգնման համար, ինչպես հաղորդվում է, կպահանջվի մինչեւ չորս ամիս: Այնտեղ հրդեհը տեղի է ունեցել մարտի 19-ին: Renesas Electronics-ն ավտոմոբիլների համար կիսահաղորդիչների արտադրության առաջատարներից մեկն է: Դրանց որոշ տեսակների գծով ընկերությունն առաջին տեղում է աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: