«ԱԳՆ-ն տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»». Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Զեկույցի ներկայացումից հետո  հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին Արա Այվազյանին։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դիմելով արտգործնախարարին՝ նշեց, որ վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ ակնկարկներ են անում, որ որոշակի իրավիճակ է փոխվել, և, այսպես ասած, կորեկցիայի պետք է ենթարկվեն, օրինակ, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները։

«Ճիշտն ասած, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։ Այս պահին ընթանո՞ւմ են ինչ-որ կոնսուլտացիաներ կամ բանակցություններ Թուրքիայի հետ տարբեր հարցերի շուրջ»,- հետաքրքրվեց Արման Աբովյանը։

Պատասխանելով՝ Արա Այվազյանն ասաց, որ այդ հայտարություններին հետևել է։

«Պետք է հիշեցնեմ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ  ՀՀ պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից։ Հայ ժողովուրդը, որն ապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, թերևս, ամենալավն է գիտակցում խաղաղության գինը, մենք թշնամիներ չենք փնտրում։ Հայաստանի անկախացումից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու համար։ Վերջին գործընթացը բոլորս էլ լավ ենք հիշում՝ ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք դարձվեց Թուրքիայի կողմից։ Առհասարակ ինչպես միջանձնային, այնպես էլ միջպետական հարաբերություններում ամենակարևորը փոխադարձությունն է։ Մեր՝ իսկապես ազնիվ ու առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից, ավելին՝ անցած դարի հայատյացությունը, որի վառ արտահայտությունը Հայոց ցեղասպանությունն էր, կարծես թե ոչ միայն չի դադարեցվել, այլև արտահանվել է մեր տարածաշրջան»,- շեշտեց Ա. Այվազյանը։

Նա նաև հավելեց՝ բնականաբար, բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և, ի վերջո, հաշտեցումը, սակայն դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն։ Հետևաբար, որպեսզի տարածաշրջանում իսկապես խաղաղություն լինի, ակնկալում են, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները։

Արձագանքելով՝ Արման Աբովյանը նկատեց՝ Թուրքիան և Ադրբեջանն իրենց մոտեցումներում որևէ բան էլ չեն փոխի, քանի որ հակահայկական թեզն այդ երկրների մոտ միշտ անկյունաքարային է եղել։

«Խնդրում եմ նաև պատասխանել՝ հիմա գնո՞ւմ են որևէ կոնսուլտացիաներ, Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացներ»,- նախարարին կրկին հարց ուղղեց Արման Աբովյանը։

Ըստ Արա Այվազյանի՝ պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկար ժամանակ ծանր ողբերգական անցյալ ունեցող երկրներ գտել են քաղաքական կամք և գտել են անհրաժեշտություն՝ ձևավորել բարիդրացիական հարաբերություններ.

«Ես չեմ կարծում, թե Թուրքիան երբեք չի փոխի այդ հայատյացության կեցվածքը։ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս