Հարավային Կովկասում իրավիճակը կայուն համարել չի կարելի, քանի որ չլուծված խնդիրները «քնեցվել են»․ Գոգոլաշվիլի

«Պատերազմից հետո չկա լիարժեք բանակցային գործընթաց կողմերի միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի հայտնի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Զալկալիանիի առաջարկին։

Հիշեցնենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին օրերս ասել էր, որ Ռուսաստանի հետ հնարավոր չէ աշխատել ԼՂ-ի շուրջ կարգավորման համար տարածաշրջանային համատեղ հարթակում։ Նա առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ «Մենք չենք դիտարկում ոչ մի պլատֆորմ Ռուսաստանի հետ, որը գրավել է մեր տարածքները»,- ասել էր Զալկալիանին մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, Վրաստանի համար անընդունելի է Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ առաջարկվող «3+3» պլատֆորմը։ Ավելի վաղ պլատֆորմը քննադատել էր նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկը՝ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, այն որակելով անընդունելի և նպատակահարմար համարելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը։

Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Վրաստանի ԱԳ նախարարը ճիշտ շեշտադրում է անում այն մասով, որ հարկավոր է նախ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն բանակցությունները և լուծեն բոլոր քաղաքական խնդիրները, քանի որ միայն դրանից հետո է հնարավոր տարածաշրջանում անվտանգ ու երկարատև ապաշրջափակում և այնպիսի ապաշրջափակում, որը ձեռնտու է բոլոր կողմերին։ Ուստի, ըստ նրա, կարևոր է, որ առաջարկ է արվում բանակցել, և Թբիլիսին կարող է հարթակ դառնալ այդ բանակցությունների համար։

«Ներկայումս շատ վիճելի հարցեր կան կողմերի միջև, ու առանց դրանց շուրջ կոնսենսուսի ձեռքբերման՝ առաջ ընթանալ հնարավոր չէ, կողմերը միմյանց նկատմամբ պետք է վստահություն ունենան, որը ներկայումս չկա։ Պետք է նախ հասկանալ, թե ինչ համաձայնություններ են հիմա ձեռք բերում կողմերը Ղարաբաղի ապագայի, կարգավիճակի հարցում, և պայմանավորվել դրա շուրջ։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, այդ պայմանավորվածությունները կարող են կայանալ նաև Թբիլիսիի միջնորդությամբ։ Սա է ասում Վրաստանի ԱԳ նախարարը, և այս դիրքորոշումը վստահաբար համաձայնեցված է Արևմուտքի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ։ Եթե այս ծրագրերին մասնակցեր կամ հավանություն տային ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, Վրաստանը կմիանար, քանի որ վստահ կլիներ, որ իր անվտանգությունն ապահովված է լինելու, իսկ նման ձևաչափով Վրաստանը հենարան չունի։

Ի սկզբանե հայտնի էր, որ Վրաստանը Ռուսաստանի մասնակցությամբ չի կարող մասնակցել նման պլատֆորմի, որի նպատակը վերահսկելն է ողջ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Վրաստանը, բայց Վրաստանն իր այս առաջարկով ցույց է տալիս, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցության պատրաստ է շատ տարբեր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են երկու երկրներին և նրանց միջև համագործակցությանը։ Սա ժեստ է՝ ուղղված Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի «3+3»-ից հրաժարվելը բացասաբար չընկալվի»,- ասաց Գոգոլաշվիլին։

Նրա տպավորությամբ՝ տարածաշրջանային իրավիճակն այնքան էլ կայուն չէ, քանի որ առկա խնդիրներն անորոշ ժամանակով «քնեցվել» են, պատերազմից հետո կողմերի միջև չկա լիարժեք բանակցային գործընթաց, չի գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը, չկա համագործակցություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

«Չեմ կարծում, թե մոտ ապագայում հնարավոր է իրավիճակի նոր սրացում, սակայն նման խնդիրներն անընդհատ անկայունության և լարվածության աղբյուր են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս