Վենդետա է սկսվելու, եթե հաղթի Փաշինյանը կամ Քոչարյանը. այդ ցիկլում չհայտնվելու համար հաղթելու է «Լուսավոր Հայաստանը». Գևորգ Գորգիսյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, իհարկե, դեմ է ռեյտինգային ընտրակարգը համամասնականով փոխարինելու ճանապարհով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իշխանության գաղափարին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը փոփոխելու «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի ցանկությանն անդրադառնալով՝ պատգամավորրը մի կողմից՝ չբացառեց, որ, գուցե, իրենք էլ հետևեն Նիկոլ Փաշինյանի օրինակին, խախտեն պայմանավորվածությունն ու առաջադրեն վարչապետի թեկնածու, հետո էլ հավելեց.
«Իհա՛րկե, մտածում ենք նաև թեկնածու առաջադրելու մասին, այս պահին բուռն քննարկումներ են գնում, բայց քանի որ մենք պայմանավորվել ենք, որ գնում ենք արտահերթ ընտրությունների, չենք ցանկանա այդ գործընթացը վիժեցնել։ Կրկնում եմ՝ քանի որ խաղի կանոնները փոխել են, ինչը արդար չէ, կարող է մենք էլ մտածենք, որ այլևս մեր պայմանավորվածություններն ուժի մեջ չեն։ Իհա՛րկե, անվստահություն կարող ենք հայտնել, բայց կա վտանգ, որ եթե այն տապալվի, վեց ամիս չենք կարողանա անվստահություն հայտնել, ուստի մյուս կողմից՝ նաև խելամիտ չէ, որ գնանք ռիսկի և արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիժեցնենք»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ կա վտանգ, որ կարող է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը տապալվի, արդյոք իրենց չի՞ հաջողվել այս հինգ ամիսների ընթացքում համոզել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին և նրանց դուրս հանել փաշինյանական ազդեցության գոտուց, ինչի ուղղությամբ ակտիվ քայլեր իրականացնելու մասին, մի քանի ամիս է՝ հայտարարում են ԼՀԿ-ական պատգամավորները, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ բացատրական աշխատանքներ տանելու հարցում իրենք ձախողել են ու տապալվել. համոզել են շատերին, սակայն այդ թիվը բավարար չի եղել։
Ինչ վերաբերում է անկախ ընտրական կարգի փոփոխությունից հետո արտահերթ ընտրություններին մասնակցելու և անցողիկ շեմը հաղթահարելու իրենց խմբակցության շանսերին, ապա պատգամավորն ասաց, որ իրենք ոչ թե հաղթահարելու են անցողիկ շեմը, այլ հաղթելու են Փաշինյանին և ոչ միայն Փաշինյանին։
«Հայաստանում այսօր քաղաքացիները բաժանված են երեք խմբի՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև, իսկ քաղաքացիների մնացած հատվածը, որը կազմում է 50 տոկոս, մեր պոտենցիալ ընտրողներն են, մեզ են ընտրելու, որովհետև մենք իրենց ապագայի տեսլականն ենք ներկայացնում։ Ի վերջո, ժողովուրդն է որոշելու, իսկ ժողովուրդն իմաստուն է»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե չունե՞ն մտավախություն, որ այդ իմաստուն ժողովուրդը կնայի և կտեսնի մի ընդդիմադիր ուժ, որը Փաշինյանի առաջ դնում է պայման, համագործակցություն սկսելուց առաջ, սակայն գնում է համագործակցության, երբ Փաշինյանը ոտնահարում է պայմանավորվածությունները, կամ չունե՞ն մտավախություն, որ այդ նույն իմաստուն ժողովուրդը ետ կնայի և կտեսնի մի ուժ, որը հայտարարում է, որ ինքը ներառական ուժ է, պատրաստ է համագործակցել բոլորի հետ, սակայն քննադատում է ընդդիմությանը ու ներառականություն է դրսևորում Փաշինյանի հետ երկխոսելու հարցում, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.
«Ոչ, չեմ կարծում։ Ժողովուրդը տեսնելու է, որ «Լուսավոր Հայաստանը» գնալու է ընտրության հաղթելու, որովհետև եթե «Լուսավոր Հայաստանը» չհաղթի, մենք գտնվելու ենք այն անիմաստ տեղապտույտի մեջ, որի մեջ ենք այսօր։ Կրկնում եմ, երկու ուժ կա, որը կարող է հաղթել՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը։ Երկուսից որևէ մեկի հաղթանակի պարագայում երկիրը մտնելու է ահիմաստ բաների մեջ. վենդետայի ցիկլից դուրս չենք գալու. այդպես է լինելու, եթե «Լուսավոր Հայաստանը» չհաղթի»։
Ի՞նչ է նշանակում, որ եթե «Լուսավոր Հայաստանը» չհաղթի, Հայաստանը գտնվելու է վենդետայի ցիկլի ու նույն տեղապտույտի մեջ, որում է հիմա, արդյո՞ք նման ձևակերպմամբ ինքը չի կրկնում՝ Փաշինյանի՝ «Կամ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտարարությունը 2018-ին, Գորգիսյանը պատասխանեց.
«Ձևակերպումները նույնը չեն, բայց լինելու է վենդետա. այդ ցիկլի միջից դուրս չենք գալու, եթե հաղթի այս երկու ուժերից մեկը՝ կա՛մ Փաշինյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը։ Ինձ համար նրանք նույնն են»։
Հարցին՝որքանո՞վ է արդար Քոչարյանի ժամանակ եղած Հայաստանը համեմատել Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ ունեցած Հայաստանի հետ, և որքանո՞վ է արդար պատերազմում հաղթած մարդուն համեմատել կապիտուլյացիայի ակտ ստորագրածի հետ. Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.
«Գրեթե բոլոր վատ ավանդույթները հիմնադրվել են Քոչարյանի ժամանակ, իսկ Փաշինյանի ժամանակ այդ վատ ավանդույթները խորացվել են։ Նիկոլ Փաշինյանը միանշանակ պետք է հեռանա, բայց ես պնդում եմ՝ «Լուսավոր Հայաստանը» վաղվա Հայաստանը կառուցելու գործում ավելի հաջողակ է լինելու, քան Քոչարյանը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում